Թուրքիան փորձում է իր տարածքում կառուցվող երկու ատոմակայանների դեմ բնապահպանների բողոքն ուղղել Հայաստանի ատոմային էլեկտրակայանի դեմ: Ինչպես հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները, Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը Ստամբուլի Գեզի այգու պահպանման համար պայքար մղող բնապահպաններին կոչ է արել պայքարել հայկական ատոմակայանը փակելու համար:

 

Ըստ կայքի' նա բնապահպաններին ասել է, որ եթե ցանկանում են բարի գործ անել, ապա թող հետաքրքրվեն Իգդիրից 30 կմ հեռավորության վրա գտնվող հայկական Մեծամորի ատոմակայանով: Նա հայտարարել է, որ թուրքական սահմանին մոտ գտնվող Հայկական ատոմակայանն արդեն հնացած է, մեծ ռիսկ է պարունակում թուրքերի համար, եւ պետք է պայքարել այն փակել տալու համար:

 

Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ Հայկական ատոմակայանի անվտանգության մակարդակը համապատասխանում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) կողմից ներկայացված չափանիշներին: ՄԱԳԱՏԷ-ն լայնածավալ եւ բարդ ստուգումներ է անցկացրել Մեծամորի ԱԷԿ-ում, որի արդյունքներով' հայկական ատոմակայանի անվտանգության մակարդակը արժանացել է դրական գնահատականի:

 

Ինչպես երեւում է' Թուրքիային զայրացրել է ՄԱԳԱՏԷ-ի հավանությամբ Մեծամորի ատոմակայանի աշխատանքը մինչեւ 2023 թ-ը երկարաձգելու Հայաստանի որոշումը: