Այսօր Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակեց 2012 թվականի հունիսի 17-ին «Հարսնաքարում» տեղի ունեցած դեպքի հետևանքով մահացած Վահե Ավետյանի գործով դատավճիռը: Մեղադրող կողմը պահանջել էր 6 ամբաստանյալներին դատապարտել 13-ական տարվա ազատազրկման:
Ամբաստանյալները դատապարտվեցին 12 տարվա ազատազրկման և 100 հազար դրամ տուգանքով:
Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ, քաղաքացիական ակտիվիստ Դավիթ Սանասարյանը Լուրեր.com-ի հետ զրույցում' խոսելով դատավճռի մասին, կարծիք հայտնեց, որ գործը դատարան մտել է արդեն իսկ կիսակոծկված: Դավիթ Սանասարյանի կարծիքով' դատարանում չհնչեցին բոլոր անունները:
«Գործը դատարան մտել է արդեն կիսակոծկված: Իմ պատկերացմամբ' դատարանում չհնչեց այն բոլոր մարդկանց անունները, ովքեր պետք է այսօր ներկա լինեին և ում անունները, որ պետք է հնչեին, այսինքն' այդ մթնոլորտի պատասխանատուն, ով ամբաստանյալներին այս օրն էր հասցրել, որ իրենք կարողացան ծեծելով մարդ սպանել: Ինձ համար հենց այստեղ արդեն իսկ կա խնդիր, ու ես ամբողջությամբ արդարություն չէի ակնկալում, դրա համար եղավ կիսաարդարություն»,-ասաց Սանասարյանը: