ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի կողմից Twitter-ի իր էջում արած գրառումն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը «Ղարաբաղի և Ադրբեջանի միջև է» և ոչ թե Հայաստանի և Ադրբեջանի, իրարանցում է առաջացրել Բաքվում: Ուորլիքը Twitter-ում գրառել է. «Ինձ այսօր ուղղեցին. հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև է: Այդուհանդերձ, մենք խաղաղ կարգավորում ենք ուզում հակամարտության բոլոր կողմերի համար» :
Մասնավորապես virtualaz.org իշխանամետ լրատվական կայքը հակամարտության վերաբերյալ ԱՄՆ-ի մոտեցման կոնկրետացումը բնութագրել է որպես «այնքան էլ արհեստավարժ չհանդիսացող դիվանագետի կողմից արված ուղերձ»: Կայքը Մինսկի խմբի ամերիկացի համանախագահին «անլուրջ» և անգամ «տխմար» է անվանել և դժգոհություն հայտնել, թե ինչու է Վաշինգտոնը Մինսկի խմբում նշանակել «այդպիսի անլուրջ և սոցիալական ցանցերում խելքին փչածը գրող դիվանագետի»:
Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը Նիդեռլանդների Թագավորություն կատարած այցի շրջանակում մարտի 23-ի երեկոյան Հաագայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ քննարկել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ներկա վիճակին եւ հետագա քայլերին վերաբերող հարցեր:
ՄԽ ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքն ավելի վաղ նշել էր, որ անհամբերությամբ սպասում է Հայաաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպմանը: «Անհամբերությամբ սպասում եմ նախագահների և արտգործնախարարների հանդիպմանը' մարտի 23-25-ը Հաագայում տեղի ունենալիք Միջուկային անվտանգության վեհաժողովին»,-գրել էր Ուորլիքը, իսկ ժամեր անց նա գոհունակություն էր հայտնել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ ղեկավարների հետ հանդիպումից' նշելով, որ երկարատև խաղաղության հնարավորություն կա: