ՀՀ նախկին վարչապետ, պետական, քաղաքական գործիչ Անդրանիկ Մարգարյանի մահվան տարելիցի կապակցությամբ ՀՀ ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ այցելեցին Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն: Պանթեոն էին այցելել նաև Անդրանիկ Մարգարյանի ընտանիքը՝ որդու' Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ, հանրապետական կուսակցության ներկայացուցիչներ, քաղաքական, մշակութային գործիչներ: Հոգեհանգստյան կարգից հետո ներկաները ծաղիկներ դրեցին Անդրանիկ Մարգարյանի շիրիմին և խնկարկեցին նախկին վարչապետի հիշատակը:
ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի խոսքով' Անդրանիկ Մարգարյանը գաղափարի հերոս էր: «Պարոն Մարգարյանը դեռևս պատանեկան տարիներից խոսում էր անկախության մասին, պայքարում էր անկախության համար, երբ շատերը չգիտեին' ինչ է անկախ պետականությունը: Անկախ պետականության շրջանում նա լուռ քարը քարի վրա էր դնում: Պարոն Մարգարյանը խաղաղության, համերաշխության, հանդուժողականության կողմնակից էր: Նրա թերևս ամենակարևոր պատգամն է' սիրել հայրենիքը, սիրել յուրաքանչյուր հայ մարդու, Հայաստանի քաղքացու և տեսնել այն դրականը, որը կա մեր երկրում: Նա ասում էր ամենամեծ դժվարությունները չպետք է մեզ հուսահատության առիթ տան և թույլ չպետք է տան մեզ, որպեսզի մենք չտեսնենք անկախ պետականության այն նվաճումները, որոնք կան: Մենք պետք է կառուցենք և ամրացնենք մեր հայրենիքը մեր ուժեղ պետականությամբ, քարը քարի վրա դնելով կարելի է հասնել մեր երազանքների Հայաստանին»,-ասաց Շարմազանովը:
Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանի խոսքով' յուրաքանչյուր մարդ պետք է տա իրեն հիմնական հարցը' ինքն արժանի՞ է այն հիշատակին, որը թողել է Անդրանիկ Մարգարյանը: «Մեր մեծերը, հեռանալով մեզնից, մնում են մեզ հետ, մեր սերունդների հետ, որովհետև նրանք խոսքեր են ասել, գործեր են արել, որոնք ժամանակի համար չեն, այլ հավերժի համար են: Եվ ամեն անգամ մենք, գալով այստեղ, փորձում ենք մեզ մեկ անգամ ևս տալ այն հիմնական հարցը, որ յուրաքանչյուր մարդ պետք է տա իրեն ցանկացած օր՝ արդյոք ինքն արժանի է այն հիշատակին, որը թողել է մեզ Անդրանիկ Մարգարյանը»:
Նշենք, որ Անդրանիկ Մարգարյանի մահվան տարելիցի օրը ՀՀ բարձրաստիճան ղեկավարությունն ամեն տարի այցելում է Կոմիտասի այգու պանթեոն մեծ գործչի շիրիմին: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այս տարի Հաագայում է' մասնակցելու միջուկային անվտանգության գագաթնաժողովին:
Հասարակական-քաղաքական գործիչ, ՀՀ վարչապետ (2000-2007), ՀՀԿ նախագահ Անդրանիկ Մարգարյանը ծնվել է 1951թ. հունիսի 12-ին, հանկարծամահ է եղել կյանքի 56-րդ տարում, 2007թ.-ի մարտի 25-ին: Անդրանիկ Մարգարյանն իր քաղաքական գործունեության ուղենիշ ընտրելով Նժդեհի գաղափարները՝ 1966 թ-ից հանդես է եկել խորհրդային տոտալիտար համակարգի քննադատությամբ: 1968 թ-ից եղել է խորհրդային տարիներին անլեգալ գործող Ազգային միացյալ կուսակցության անդամ, 1973 թ-ից՝ ԱՄԿ խորհրդի անդամ։ 1974 թ. ձերբակալվել է և դատապարտվել երկու տարվա ազատազրկման: Ղարաբաղյան պատերազմի տարիներին գործուն մասնակցություն է ունեցել կամավորական ջոկատների ստեղծման, Արցախ զենք, զինամթերք և սննդամթերք առաքման աշխատանքներին, մասնակցել է մարտական գործողություններին: 1998 թ-ից Երկրապահ կամավորականների միության (ԵԿՄ) անդամ է, այնուհետև՝ ԵԿՄ վարչության անդամ:
Պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Արամ Մանուկյան», «Ֆրիտյոֆ Նանսեն», «Վազգեն Սարգսյան», ԵԿՄ մեդալներով։ 1992 թ. հունիսի 9-ից ՀՀԿ անդամ է, 1992 թ. հոկտեմբերին, 1993 թ. փետրվարին ընտրվել է ՀՀԿ խորհրդի անդամ: 1993 թ. դեկտեմբերին, 1994 թ., 1995 թ. դեկտեմբերի 2-ին (ՀՀԿ 2-րդ համագումար) ընտրվել է ՀՀԿ խորհրդի նախագահ: 2000թ-ից ՀՀ վարչապետ էր ևպաշտոնավարել է մինչև 2007թ-ը: