Մարտի 25-ը Հունաստանի ազգային օրն է: 1821 թվականի այս օրը հույները ձեռք բերեցին իրենց անկախությունը: Հայաստանում բնակվող հունական համայնքի ներկայացուցիչները գեղեցիկ ցերեկույթով նշեցին Ազգային օրը: Ցերեկույթին ներկա էին նաև ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը և Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իոաննիս Տայիսը:
«Հույն ժողովուրդը առաջինը սկսեց Անկախության պայքարը Օսմանյան տիրապետության դեմ: Եվ այդ պայքարը ավարտվեց փառապանծ հաղթանակով: Հույների հետ մեկտեղ Հունաստանի անկախության համար պայքարում էին հայերը և դա խորհրդանշական էր, որովհետև 19-րդ դարի վերջերին և 20-րդ դարի սկզբին, երբ տեղի ունեցան համիդյան ջարդերը, այնուհետև ցեղասպանությունը, հույները հայերի հետ միասին պայքարում էին Օսմանյան տիրապետության դեմ»,-նշեց ԱԺ փոխնախագահը: Նա այսօր շնորհավորում է և հայերին և հույներին, քանի որ մեր ժողովուրդների ճակատագրերը նման են:
Դեսպան Տայիսն ասաց, որ Հայաստանի տարբեր համայնքներում ապրում են հույները: Նա ուրախ է, որ նրանք ապրում են մի երկրում, որը Հունաստանի հետ դարավոր բարեկամությամբ է կապված:
Մայրական կողմից հույն Մարիամ Մխիթարյանը տոնի առթիվ ներկայացրեց հին լուսանկարների հավաքածուն, որտեղ զետեղված էր Հայաստանում հույների կյանքի եւ առօրյայի արտացոլումը: