Թուրքիայի ընդդիմադիր ԶԼՄ-ներն ակտիվորեն լուսաբանում են հայերով բնակեցված սիրիական Քեսաբ քաղաքի շուրջ վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունները: Քեսաբը գտնվում է թուրքական Հաթայ նահանգի սահմանից ընդամենը 3 կմ հեռավորության վրա:
Ինչպես հաղորդում է թուրքական Demokrat Haber լրատվական կայքը՝ հղում կատարելով քեսաբահայերից ստացած տեղեկություններին, հայտնում է, որ Քեսաբից էվակուացված հայերի տները թալանող հանցագործները խոսում են թուրքերեն:
Նշվում է, որ Քեսաբի բնակչուհի Անի Բոյմուշակյանը հայտնել է, որ զանգահարել է քաղաքի Հայկական ավետարանչական եկեղեցի, որտեղից Սիրիայի կառավարական ուժերի դեմ կռվող ջիհադականն իրեն պատասխանել է թուրքերեն: Քեսաբի մոտ 700 հայ ընտանիքներ էվակուացվել են Լաթաքիա:
Թուրքական haber.sol.org.tr լրատվական կայքը մարտի 25-ին մի տեսանյութ է տարածել, որն ապացուցում է, որ Ալ-Քաիդա ահաբեկչական կազմակերպությանն իսլամիստական «Ալ-Նուսրա» և «Իսլամի ճակատ» խմբավորումների մուտքը Սիրիայի հայաշատ Քեսաբ քաղաք իր տարածքով թույլատրել է Թուրքիան: Տեսանյութում իսլամիստ մարտիկները ձեռքերը թափ տալով անցնում են թուրքական Յայլադաղ սահմանակետը:
Մարտի 21-ի վաղ առավոտյան «Ալ- Նուսրա ճակատ» ահաբեկչական խմբավորման ջոկատները 4 կողմից լայնածավալ հարձակման են անցել Սիրիայի հյուսիսում հայերով եւ ալեւիներով բնակեցված Լաթաքիայի շրջան: Ահաբեկիչների 2 խոշոր խումբ հարձակման են անցել Թուրքիայի տարածքից: Սիրական մամուլը հայտնել է, որ ահաբեկիչների կազմում եղել են մեծ թվով ադրբեջանցի և թուրք ջիհադականներ: