Հանրապետությունում թեև դեռևս չի սկսվել ոռոգման սեզոնը և ոռոգման համակարգերում դեռևս իրականացվում են նախապատրաստական աշխատանքներ (մաքրվում և նորոգվում են ջրանցքները, կարգի են բերվում ջրբաշխման հանգույցները, նորոգվում և գործարկվում են պոմպային կայանները), սակայն հաշվի առնելով առաջիկա օրերին կանխատեսվող ցրտահարությունները՝ ՀՀ ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեն տեղեկացնում է, որ Արտաշատի ջրանցքով ինքնա հոս կարգով ջուր կմատակարարվի Արտաշատի և Վեդու տարածաշրջաններին: Այս կապակցությամբ երկու օրով կբացվի Ազատի ջրամբարը:

 

Ստորին Հրազդանի ինքնահոս համակարգով ջուր կմատակարարվի Էջմիածնի տարածաշրջանին, մասնավորապես ՀՀ Արմավիրի մարզի համապատասխան համայնքներին՝ օգտագործելով Հրազդան գետի ջրերը: Երևանյան լճից ջուր կմատակարարվի Մասիսի և մասամբ Էջմիածնի տարածաշրջաններին: Արմավիրի ջրանցքով Արաքս և Ախուրյան գետերի հոսքերով ջուր կմատակարարվի ՀՀ Արմավիրի մարզի համապատասխան տարածաշրջաններին, իսկ Թալինի ջրանցքով՝ Բաղրամյանի տարածաշրջանին: Եղեգնաձորի ինքնահոս համակարգով ջուր կմատակարարվի Եղեգնաձորի տարածաշրջանին:

 

Գյուղացիական տնտեսություններին տեղեկացնելու և աջակցելու նպատակով առաջարկվել է վերը նշված տարածաշրջանները սպասարկող ջրօգտագործողների ընկերություններին (ՋՕԸ)՝ համապատասխան աշխատանքներ իրականացնել ջրօգտագործողների հետ: Խնդիրներ առաջանալու և անհրաժեշտության դեպքում գյուղացիական տնտեսությունները կարող են դիմել համապատասխան ՋՕԸ-երին։

 

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության տարածած հաղորդագրության համաձայն' մարտի 31-ին և ապրիլի 1-ի գիշերը Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի անկում: Գյուղատնտեսության նախարարությունը խորհուրդ է տալիս այգիների հարևանությամբ պատրաստել այրվող նյութերի կույտեր և ցրտահարության գիշերը' ժամը 4-ից մինչև առավոտ այրել կույտերը' ապահովելով այգու կայուն ծխածածկույթ: Ոռոգման հնարավորություն ունեցող տարածքներում կարելի է կատարել առատ ոռոգում: Ծխահարությունների դեպքում հնարավոր է նույնիսկ 100 տոկոսանոց արդյունք ապահովել: