«Ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնում Երևանում և հանրապետության ճանապարհներին
Գիշերվանից տեղացող ձյունը բարդություններ է ստեղծել ճանապարհային երթևեկության համար. դժվարանցանելի են Երևանի փողոցներն ու մարզային ճանապարհները:

 

Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով' ճանապարհային ոստիկանության, արտաքին ծառայության, ոստիկանության զորքերի ստորաբաժանումները վաղ առավոտից ուժեղացված ծառայության են անցել և´ մայրաքաղաքում, և´ մարզերում. վերահսկվում են փողոցներն ու ճանապարհները, պահակակակետեր են գործում վտանգավոր ճանապարհահատվածներում, ոստիկանները համակարգում են ճանապարհաշինական բրիգադների և ձնամաքրիչ տեխնիկայի աշխատանքը, օգնում ձյան տակ մնացած մեքենաների ուղևորներին, կազմակերպում նրանց տարհանումը, անհրաժեշտության դեպքում' մոտակա բնակավայրերում ժամանակավոր օթևանի տրամադրումը:

 

Ոստիկանության ստորաբաժանումների ուժեղացված ծառայությունը շարունակվում է: Վարորդներին կրկին կոչ ենք անում տրանսպորտային միջոցները շահագործել միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում»: