Բլոգեր Մարինե Պետրոսյանը Tert.am-ի իր բլոգում արված հերթական գրառման մեջ անդրադարձել է Հայաստանում «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի կիրառությանը և այդ կայքւմ բարձրացվող խնդիրներին:
Գրառումը ներկայացնում ենք ստորև.
«Ֆեյսբուքահայեր տերմինը դեռ մի քանի տարի առաջ հայերենում գոյություն չուներ, իսկ հիմա կա: Ու կասկած չկա, որ կան, գոյություն ունեն նաեւ ֆեյսբուքահայերը' ֆեյսբուքի հայերը: Մի քիչ ավելի բարդ ա Ֆեյսբուքահայաստանի հարցը: Մի կողմից' ակնհայտ ա, որ կա ֆեյսբուքյան տարածք եւ ֆեյսբուքահայերը էդ տարածքում են գործում:
Ակնհայտ ա նաեւ, որ դա հայկական տարածք ա, կարելի ա նույնիսկ ասել' հայաստանյան տարածք, որովհետեւ էդ տարածքում քննարկվող խնդիրները հիմնականում հայաստանյան իրականության խնդիրներն են: Ուղղակի հարցն էն ա' ունի՞ Ֆեյսբուքահայաստանը սուվերենություն' ինքնիշխանություն: Մի կողմից' կարծես թե չունի: Ինքնիշխան համարվելու համար երկիրը պետք ա ունենա ընտրված իշխանություն, ինչը Ֆեյբուքահայաստանում չկա: Բայց ախր ընտրված իշխանություն ոչ ֆեյբուքյան Հայաստանում' ՀՀ-ում էլ չկա: Փոխարենը' կա չընտրված իշխանություն, ինչը ֆեյբուքում բացակայում ա: Ֆեյբուքահայաստանում ընդհանրապես իշխանական մարմիններ չկան: Ու առանց դրանց' Ֆեյսբուքահայաստանը լավ էլ ծաղկում ու զարգանում ա : Առանց ֆորմալ իշխանության:
Ով ներսում ա' կհաստատի որ Ֆեյսբուքահայաստանում կա ռեալ ազատություն: Ազատություն' արտահայտելու հայացքներդ, տարածելու դրանք, բանավիճելու-կռիվ տալու դրանց համար: Կասեք' արտահայտման առումով ազատություն ոչ ֆեյսի Հայաստանում էլ կա: Թվացյալ' հա, բայց ոչ ֆեյսի Հայաստանում արտահայտման հարթակները մեծագույն մասով իշխանության (չընտրված իշխանության) ձեռքին են, ավելի փոքր մասով էլ' ընդդիմության, եւ երկու դեպքում էլ քաղաքականորեն ուղղորդվում են: Լծակների, հարթակների առումով' շարքային հայաստանցին արտահայտվելու ռեալ ազատություն' հավասար հնարավորություններ չունի: Ուղղորդման փորձեր Ֆեյսում էլ կան, բայց դրանք խոշոր հաշվով չեն հաջողվում, դրանք չեն որոշիչը: Ֆեյսի ամեն մի բնակիչ իսկապես ունի ազատություն' արտահայտելու իրա կարծիքն ու կռիվ տալու դրա համար: Դա ռեալ ազատություն ա, ոչ թե ընդամենը հայտարարված' «դու իրավունք ունես», այլ ռեալում, նյութապես ապահովված' քեզ տրված են նաեւ գործիքները, որոնցով դու կարող ես քո ազատությունը իրականացնել»: