Ֆրանսիայում երկու նախարարներ՝ Սեսիլ Դյուֆլոն եւ Պասկալ Կանֆենը, որոնք պատկանում են «Եվրոպա: Էկոլոգիա-Կանաչներ» կուսակցությանը, մտադիր չեն շարունակել աշխատանքը երկրի կառավարությունում, որի ղեկավար է նշանակվել ներքին գործերի նախարար Մանուել Վալսը, տեղեկացնում են տեղական ԶԼՄ-ները:

 

Դյուֆլոն, որն զբաղեցնում է մարզերի հավասարության եւ բնակարանային քաղաքականության նախարարի պաշտոնը, եւ Կանֆենը, որը Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությանն առընթեր նախարար է, այն կարծիքին են, թե այն գաղափարները, որոնցով Վալսը վերջին տարիներին առաջնորդվում է իր քաղաքական կարիերայում, ֆրանսիական հասարակության հիմնախնդիրների ադեկվատ լուծում չեն:

 

«Մենք գտնում ենք, որ պետք է սկսվի նոր քաղաքական շրջափուլ. ինովացիոն որոշումների մշակումը չի կարող տեղի ունենալ դիմակների պարզ փոփոխմամբ՝ անփոփոխ թողնելով մնացած պայմանները»,- նախարարների հայտարարությունը մեջբերել է France Presse գործակալությունը:

 

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում կառավարող Սոցիալիստական կուսակցության ձախողումից հետո Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը մարտի 31-ին ընդունել է վարչապետ Ժան-Մարկ Էյրոյի պաշտոնաթողությունը եւ նոր կառավարության ձեւավորումը հանձնարարել Մանուել Վալսին:

 

Մինչդեռ ծայրահեղ աջ Ազգային ճակատի նախագահ Մարին լե Պենը հայտարարել է, որ նույնիսկ Վալսին կառավարության ղեկավար նշանակելը հազիվ թե Ֆրանսիայի քաղաքականությունը շեղի խնայողության քաղաքականությունից: Նրա խոսքով՝ ներկա իրավիճակում անհրաժեշտ է ոչ թե կառավարության վերակազմում, այլ իշխանությունների քաղաքականության արմատական շրջադարձ: Լե Պենն այն կարծիքին է, որ ֆրանսիացիները ցանկանում են «Եվրոպայի կողմից պարտադրված խիստ խնայողության ռեժիմի դադարեցում, որը հարվածում է առավել անապահով քաղաքացիներին, միջին դասին, թոշակառուներին ու ընտանիքներին», մինչդեռ քաղաքական շրջադարձի փոխարեն տեսնում են միայն «անհատների փոխարինում», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: