Նախագահի թեկնածու, Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ իր ընտրագրավի ձեռք բերման համար բանակցությունները դեռևս շարունակում են և հույս ունի' օրենքով սահմանված ժամկետում կկարողանա այդ խնդիրը լուծել:
«Ընտրագրավի հարցը դեռ բաց է մնում, այն դեռ չեմ վճարել, բայց քայլեր եմ ձեռնարկում, տեսնենք' ինչով կավարտվի»,- ասաց Նարինե Մկրտչյանը: Նա չմանրասմանեց՝ արդյոք գումարի որոշակի մաս կա՞, թե՞ ոչ' նշելով, որ խնդիրն ամբողջական գումարի առկայությունն է: «Ամբողջ գումարը չկա, բայց հույս կա: Ընտրապայքարի մեջ մնալու եմ մինչև վերջ, և եթե ընտրագրավը լինի, գնում եմ հաղթանակի»,- ասաց նախագահի թեկնածուն:
Նարինե Մկրտչյանից հետաքրքրվեցինք, թե ընտրագրավի հարցը հաջողությամբ լուծելու դեպքում, ինչպե՞ս պետք է լուծի նախընտրական քարոզչության ժամանակ անհրաժեշտ ֆինանսական միջոցների խնդիրը: Ի պատասխան, Նարինե Մկրտչյանը նախ նշեց, որ ինքը դասական ընտրական տեխնոլոգիաներով չի առաջնորդվելու. «youtube-ի մեր ժամանակներում մնացած տեխնոլոգիաները դառնում են պարզապես օգնող գործիք»:
ՄԱԱ նախագահը նաև նկատեց, որ իբրև թեկնածու ինքն ունի Ընտրական օրենսգրքով սահմանված անվճար եթերաժամի, անվճար պաստառների տեղադրելու իրավունք, և բնականաբար դրանից կօգտվի: Ինչ վերաբերում է վճարովի քաղաքական գովազդներին, Նարինե Մկրտչյանը չբացառեց, որ առաջիկայում կկարողանա միջոցներ հայթայթել նաև վճարովի գովազդներից օգտվելու համար: