Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը նամակ է հղել իր հրաժարականի մասին հայտարարած ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին: Նամակում ասված է.
«Հարգարժան Տիգրան Սուրենի,
Ըմբռնումով եմ գնահատում Ձեր հրաժարականի որոշումը և հավատում, որ այսուհետ ևս, անկախ Ձեր զբաղեցրած պաշտոնից ու գտնվելու վայրից, Ձեր գործունեությունը նվիրվելու է մեր ժողովրդի ու պետության շահերին:
Ուզում եմ երախտագիտություն հայտնել Ձեզ մեր 6-ամյա համագործակցության, ուղղակի ասեմ' համատեղ աշխատանքի համար: Պետք է ընդգծեմ, որ անցած այդ տարիները բավական արգասավոր էին ՀՀ կառավարության կողմից Արցախին ցուցաբերվող օժանդակության առումով: ԼՂՀ-ում իրականացված մի շարք կարևոր ծրագրերում առկա են Ձեր անմիջական մասնակցության շոշափելի հետքերը: Դուք միշտ սրտացավորեն եք հետևել մեր հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացումներին և նպաստել, որ դրանք ընթանան դրական առաջընթացով:
Ամենայն հաջողություններ Ձեզ հետագա կյանքում»:
Ապրիլի 3-ին ՀՀԿ ԳՄ նիստի ժամանակ ՀՀԿ գործադիր մարմինն ընդունել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականի դիմումը: Նույն օրը երեկոյան Տիգրան Սարգսյանը հետեւյալ գրառումն է կատարել Ֆեյսբուքում. «Սիրելի հայրենակիցներ, դեռևս փետրվար ամսին ես հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին դիմեցի խնդրանքով՝ ընդունել իմ հրաժարականը: Որոշումս հասունացած էր և խորը գիտակցված: Պայմանավորվեցինք դիմումի ներկայացման պահը հետաձգել'մի շարք կարևոր պետական միջոցառումների և ՀՀԿ տնտեսական համաժողովի անցկացման անհրաժեշտությունից ելնելով: Իմ շնորհակալությունն եմ հայտնում բոլոր այն մարդկանց ում հետ աշխատել եմ, և առաջին հերթին հանրապեության նախագահին՝ վարչապետի բարձր պաշտոնն ինձ վստահելու համար: Նոր կառավարությանը մաղթում եմ հայրենանվեր և արդյունավետ աշխատանք»:
ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի համաձայն' հանրապետության Նախագահը վարչապետ է նշանակում կառավարության հրաժարականի ընդունումից հետո՝ տասնօրյա ժամկետում: Կառավարությունը կազմավորվում է վարչապետի նշանակումից հետո' քսանօրյա ժամկետում: