Ազգային ժողովի ոչ իշխանական չորս ուժերը վարչապետի ընդունելի թեկնածուի հարց չեն քննարկել: Ապրիլի 4-ին «Ժառանգություն» խմբակցությունում քառյակի ներկայացուցիչների հանդիպումից հետո խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն ասաց, որ իրենք անհատների հարց չեն դնում: Այդուհանդերձ, նրանց օրակարգում նաեւ ամբողջական իշխափոխության հարց չի դրվել, հետագա անելիքները եւս հստակեցված չեն: «Այսօրվա աշխատանքային հանդիպումը ծրագրել էինք երկու օր առաջ, վարչապետի հրաժարականի հետ այն կապել պետք չէ: Մենք չորս ուժերով արձանագրեցինք, որ վարչապետի հրաժարականը մեր համատեղ գործունեության արդյունքն էր: Այն, որ առաջիկայում նախատեսվում էին հանրահավաքներ Գյումրիում, Վանաձորում եւ Երեւանում, հասկանալի է, որ այլ իրավիճակ էր ստեղծելու հանրապետությունում»,-ասաց Հակոբյանը:

 

Քառյակը հաստատակամ է շարունակելու միասնական աշխատանքը, քանի որ նոր իրավիճակ է ստեղծվել, յուրաքանչյուր քաղաքական ուժ քննարկումներ կանցկացնի, եւ առաջիկա հանդիպումներում կհստակեցեն իրենց գործողությունների օրակարգը: «Մենք պատրաստվում ենք ներկայացնել այլընտրանքային ծրագիր, որը մեծամասնության կողմից ընդունվելու դեպքում, վարչապետի թեկնածուի հարց չի առաջանա, որովհետեւ մենք անհատների հարց չենք դնում»,-նշեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը:

 

Չորս ուժերն առաջիկայում համատեղ հայտարարությամբ են հանդես գալու եւ իրենց գնահատականն են տալու կուտակային կենսաթոշակների մասին օրենքի վերաբերյալ ՍԴ որոշումից հետո ստեղծված իրավիճակին:

 

Ապրիլի 3-ին ՀՀԿ ԳՄ նիստի ժամանակ ՀՀԿ գործադիր մարմինն ընդունել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականի դիմումը: Նույն օրը երեկոյան Տիգրան Սարգսյանը հետեւյալ գրառումն է կատարել Ֆեյսբուքում. «Սիրելի հայրենակիցներ, դեռևս փետրվար ամսին ես հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին դիմեցի խնդրանքով՝ ընդունել իմ հրաժարականը: Որոշումս հասունացած էր և խորը գիտակցված: Պայմանավորվեցինք դիմումի ներկայացման պահը հետաձգել'մի շարք կարևոր պետական միջոցառումների և ՀՀԿ տնտեսական համաժողովի անցկացման անհրաժեշտությունից ելնելով: Իմ շնորհակա լությունն եմ հայտնում բոլոր այն մարդկանց ում հետ աշխատել եմ, և առաջին հերթին հանրապեության նախագահին՝ վարչապետի բարձր պաշտոնն ինձ վստահելու համար: Նոր կառավարությանը մաղթում եմ հայրենանվեր և արդյունավետ աշխատանք»:

 

ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի համաձայն' հանրապետության Նախագահը վարչապետ է նշանակում կառավարության հրաժարականի ընդունումից հետո՝ տասնօրյա ժամկետում: Կառավարությունը կազմավորվում է վարչապետի նշանակումից հետո' քսանօրյա ժամկետում: