Զինծառայողների պատվաստումները սկսած 2014թ. ամառային զորակոչից կենտրոնական հավաքակայանի փոխարեն իրականացվելու են զինապարտների ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպություններում 2-3 ամիս առաջ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը: Նրա խոսքով' փոփոխությունը կնպաստի հետպատվաստումային բարդությունների նվազեցմանը: «Նախազորակոչային ու զորակոչային տարիքի անձանց առողջական վիճակի գնահատումը, բժշկական օգնության ու սպասարկման կազմակերպումը հանրապետության 44 տարածքային զինկոմիսարիատներում իրականացնում են բժշկական հանձնաժողովներում ընդգրկված 352 բժիշկ և 44 բուժքույր: 2013 թվականին ընդգրկվել են նաև սրտաբաններ»,- ասաց նա:
Անդրադառնալով բանակում ձմեռային զորակոչի ժամանակ արձանագրված թոքաբորբի դեպքերին' Վահան Պողոսյանը նշեց, որ ներկա պահին իրավիճակը հանգիստ է:
Նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց բժշկական քննությունն իրականացվում է ըստ զինկոմիսարիատներից ներկայացված անվանացանկի: Հետազոտման արդյունքում լրացվում է «Առողջության անձնագիր»' առողջական վիճակի վերաբերյալ անհրաժեշտ բոլոր նշումներով։
Յուրաքանչյուր զորակոչի ավարտից հետո ՀՀ առողջապահության նախարարության կողմից ուսումնասիրվում և ամփոփվում է առողջապահական համակարգում զինապարտների բժշկական օգնության և սպասարկման գործընթացը, ՀՀ պաշտպանության և ՀՀ առողջապահության նախարարությունների կողմից հրավիրվում են համատեղ աշխատանքային խորհրդակցություններ ստացիոնար հետազոտություն և բուժում իրականացնող պատասխանատու բժիշկ-մասնագետների հետ զորակոչը վերլուծելու և բոլոր հարցերին պարզաբանում տալու նպատակով: