Ապրիլի 8-ին ժամը 18:30-ին, Կամերային թատրոնի «Երկաթ» ակումբում տեղի կունենա երիտասարդ բանաստեղծ Դավիթ Ասատրյանի «Վերադարձ դեպի հարություն» գրքի շնորհանդեսը, որը Դավիթի չորրորդ գիրքն է: Գիրքը ունի երեք բաժին'«Վերադարձ դեպի հարություն», «Ծածկվիր չմրսես» , «Ու հայրս կոչ կանի»: Բանաստեղծը իր ստեղծագործություններում գրում է այն, ինչ իրեն հարազատ է, դրա հետ միաժամանակ նրա ուշադրությունից չեն վրիպում այն վայրիվերումները, որոնք տեղի են ունենում հասարակության մեջ'անարդարութուն, անհավասարություն: «Գրական խոհանոց չունեմ, այդ բանաստեղծությունները պոռթկումներ են, որ անհնդատ ինչ-որ տեղից գալիս են»,-ասում է երիտասարդ բանաստեղծը: Այսպիսի պոռթկումների արդյունք են նաև նրա երեք գրքերը' «Առանց թևերի», «Սիրո երաշտ» և համանուն գրքի երկրորդ հրատարակությունը: Չնայած երիտասարդ բանաստեղծը իր ստեղծագործություններում չի առանձնացնում որևէ թեմա, սակայն այդ թեման կա, որը որպես գրական քննադատ առանձնացնում է Երևանի գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը, ով միշտ ուշադիր է Դավիթի ստեղծագործությունների նկատմամբ: «Որպես ժամանակակից բանաստեղծ Դավիթ Ասատրյանը առանձնանաում է և՛ իր տաղանդով և՛ իր վարպետությամբ:Նա առաջ է գնում և շարունակելու է գնալ: Դավիթի տարերքը հայրենասիրական պոեզիան է, հայրենիքի ապագայի մասին նրա մտորումները: Նա իրեն երբեք կտրված չի զգում հայրենի հողից>>,-նշում է Աբգար Ափինյանը:

 

Ես ամենքիդ հետ, ամենքիդ համար

 

Համամարդկային ու մարդկային եմ,

 

Բայց մի՛ նեղացեք,երբ կոչը հնչի ,

 

Ես հայոց հողի հայ ֆիդային եմ:

 

Համամարդկային ու մարդկային Դավիթ Ասատրյանը վաղուց հետևում է «հնչեցրած կոչին» և որպես ֆիդային իր գրչով պայքարում վատի, չարի և բոլոր արատավոր երևույթների դեմ: Իզուր չեն Աբգար Ափինյանը հետևյալ խոսքերը' «Դավիթը մեր հպարտությունն է, նրա անունը միշտ մեծ հաճույքով եմ նշում: Հիշում եմ մի դեպք երբ Դավիթ Ասատրյանի և Դավիթ Մշեցու հետ գնում էինք Վարդենիս , երեք ժամ շարունակ այս երկու տաղանդավոր տղաները ասմունքում էին Համո Սահյանի և Պարույր Սևակի բանաստեղծությունները: Սա վկայում է այն մասին, որ նրանք հետևում են անցյալի ավանդներին և մեր դասականների փորձին: Դավիթը ունի մի քանի գործեր, որոնց վիճակված է հավերժական կյանք հայ գրականության պատմության մեջ, սա ես վստահ կարող եմ ասել»,-մեկնաբանում է Ափինյանը և կոչ անում'«Հետևեք Դավիթ Ասատրյանին և Դավիթ Մշեցուն, նրանք մեծ ապագա ունեն»:Զրուցեցինք նաև բանաստեղծ Դավիթ Մշեցու հետ, ով իր հերթին նշեց, որ Դավիթ Ասատրյանի սիրային պոեզիան առանձնանում է ժամանակի բոլոր ստեղծագործողներից իր«շատերի համար անծանոթ»պատկերներով, զգացմունքի պոետական արտաբերման ազնվությամբ և պարզապես հուժկու տաղանդով:

 

«Շուրջ 20 տար սպասում էի մի մարդու, ով գալիս էր ու չկար…Նա եկավ և այդ մարդը Դավիթ Ասատրյանն էր: Դավիթից մեծ սպասելիքներ ունեմ, ժամանակակիցների մեջ նա առաջատարն է և լավագույնը»,-այսպես է բնորոշում բանաստեղծ Ալեքսանդր Ղումաշյանը Դավիթ Ասատրյանին: Նա նույնպես Դավիթի ստեղծագործություններում առանձնացնում է հայրենասիրական պոեզիան:

 

Նազիկ Վիրաբյան