Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության /ԴԱԾ-ՖՍԲ/ բոլոր աշխատակիցներին 2014 թվականի Սոչիի ձմեռային օլիմպիական և պարալիմպիկ խաղերի ժամանակ նրանց ցուցաբերած «հստակ և գրագետ աշխատանքի, արիության և պրոֆեսիոնալիզմի» համար: Այս մասին հայտնում է itar-tass-ը:
Պուտինն այս մասին ասել է ԴԱԾ կոլեգիայի նիստի ընթացքում:
«Որպես պրոֆեսիոնալներ' դուք քաջատեղյակ եք, որ նման կարգի միջոցառումները կապված են բարձր ռիսկի հետ, տեղյակ եք տարբեր կարգի ահաբեկչական և ծայրահեղական խմբավորումների կողմից մեր երկրի հասցեին հնչած սպառնալիքներին»,-ասել է Պուտինը' նշելով, որ նման դեպքերում հատուկ ծառայությունների աշխատակիցների սխալները շատ թանկ են նստում:
ՌԴ նախագահը անդրադարձել է 1972 թվականի սեպտեմբերին Մյունխենի օլիմպիական խաղերի ժամանակ տեղի ունեցած ողբերգական իրադարձություններին:
Նա ասել է, որ Սոչիի խաղերի անվտանգության ապահովումը տարբեր կառույցների հազարավոր մարդկանց ծավալուն, ազնիվ, օպերատիվ և պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքն է:
Այս առումով Պուտինը նշել է Սոչիում համապատասխան աշխատանքները համակարգած անձի կատարած աշխատանքը' չհրապարակելով վերջինիս անունը և ասելով միայն, որ նա հիվանդության պատճառով ներկա չէ այս նիստին: