ՀՀ նոր վարչապետը պետք է լինի լավ մասնագետ' քաջատեղյակ տնտեսությունից, արդյունաբերությունից եւ այլ ճյուղերից: Լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը: Նրա խոսքով' նոր վարչապետի գերխնդիրներից պետք է լինի աշխատատեղերի ստեղծումը, ինչպես նաեւ միգրացիայի կանխումը: «Համոզված եմ, որ որոշ ժամանակ անց Տիգրան Սարգսյանն ընկալվելու է որպես բարեփոխիչ վարչապետ»,-ասաց նա:

 

Վերջինիս խոսքով' նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի կառավարման տարիներն աչքի են ընկել մի շարք բարդ իրադարձություններով: «Վարչապետի կառավարման առաջին իսկ տարում սկսվեց համաշխարհային տնտեսական ճգնաժամը, որից հետո մեր տնտեսությունը 14 տոկոսով անկում ապրեց»,-ասաց նա' նշելով նաեւ Տիգրան Սարգսյանի կառավարման տարիներին արձանագրված հաջողությունները: «Նախկին կառավարության կարեւորագույն որոշումներից էր Արդյունաբերության հայեցակարգի ընդունումը, որով տնտեսության մեջ հաջողություններ ա րձանագրվեցին: Կարեւոր էր նաեւ արտահանման խթանման քաղաքականությունը:

 

Հենց այդ տարիներին ստեղծվեց «Արդյունաբերության աջակցման հիմնադրամը», - ասաց Սաֆարյանը: Նա հույս հայտնեց, որ նոր վարչապետը կշարունակի Տիգրան Սարգսյանի բռնած ուղին: