Հայաստանի ապագա վարչապետի առաջնային խնդիրը պետք է լինի ժողովրդագրական իրավիճակի կարգավորումն ու արտագաղթի կասեցումը: Կառավարության առջև կան նաև այլ հրատապ խնդիրներ:
Ապրիլի 9-ին հրավիրված ասուլիսում այդ մասին նշեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը: «Պիտի վարչապետ դառնա նա և կառավարության մեջ ընդգրկվեն այնպիսի քաղաքացիներ, որոնք Հայաստանի համար որպես առաջին սպառնալիք դիտում են արտագաղթը և ժողովրդի դեմոգրաֆիական վիճակի չբարելավումը»,- նշեց Շիրինյանը՝ հավելելով, որ կառավարությունը պետք է մտածի նաև ներգաղթի մասին: Նրա խոսքով' սիրիահայերի ներգաղթից հետո չի բացառվում նաև ուկրաինահայերի ներգաղթը, քանի որ այդ երկրում ստեղծվել է անորոշ իրավիճակ: Շիրինյանի համոզմամբ' նոր կառավարությունը պետք է բարելավի նաև էկոլոգիական իրավիճակը երկրում: «Ով կասի, որ կոռուպցիան Հայաստանի համար մահ է, նա էլ պիտի դառնա կառավարություն»,- ասաց Շիրինյանը' հավելելով, որ վարչապետը պետք է լինի ինտելեկտուալ և հայրենասեր: Քաղաքագետը, սակայն, կոնկրետ անուններ չասաց՝ հավելելով, որ Երկրի ղեկավարը գիտի, թե ում պետք է նշանակի:
Ասուլիսի մյուս բանախոսը' քաղաքագետ Շուշան Խաթլամաջյանը նույնպես ներկայացրեց Հայաստանի ապագա վարչապետի որակների մասին իր պատկերացումները: Քաղաքագետի կարծիքով, նոր վարչապետը պետք է լինի քաղաքական արենայում վաղուց գործող, իր ունակությունների, անցած ուղու շնորհիվ ժողովրդի շրջանում հարգանք վայելող ու վարկանիշ ունեցող մարդ: Խաթլամաջյանը կարևորեց նաև նոր վարչապետի ընդունելի լինելը միաժամանակ ԱՊՀ-ի, Եվրոպայի և ԱՄՆ համար:
«Նա պետք է նաև ճնշման հնարավորություն ունենա, հասկացնելու, որ արդեն ժամանակն է շատ բաներ փոխելու»,- ասաց քաղաքագետը՝ հավելելով, որ նոր վարչապետի անունը կապակցվելու է ապագա Նախագահի անվան հետ: