ffa.amՀայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի հետ հարցազրույցը ծրագրված էր ՀՖՖ TV-ի համար, սակայն ժամանակը շատ քիչ էր: Ազգային հավաքականի գլխավոր մարզիչը վաղը մեկնում է Ռուսաստանի մի քանի քաղաքներ՝ հետևելու ազգային հավաքականի ֆուտբոլիստների մասնակցությամբ հանդիպումներին: Եվ քանի որ ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ ֆուտբոլի ակադեմիայում, Բեռնար Շալանդը հետևում էր 1998 թ. ծնված 48 ֆուտբոլիստների մարզումներին և հանդիպումներին, ուստի հենց ֆուտբոլի ակադեմիայում էլ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչն իր առաջին հարցազրույցը տվեց ՀՖՖ պաշտոնական կայքին:
- Պարոն Շալանդ, Երևանում Ձեր առաջին մամուլի ասուլիսից հետո, որի ընթացքում ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը ներկայացրեց Ձեզ, Դուք անմիջապես մեկնեցիք և գրեթե մեկ ամիս Հայաստանում չէիք: Արդեն մի քանի օր է, ինչ կրկին Երևանում եք: Կպատմե՞ք այդ ընթացքի մասին: Ո՞ւր էր մեկնել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը:
- Այդ ընթացքում ես առաջին հերթին փորձում էի ձևավորել իմ մարզչական շտաբը: Ես փորձեցի գտնել ֆիզիկական պատրաստության պրոֆեսիոնալ մարզչի, ով կկարողանար գալ Հայաստան և աշխատել բոլոր տարիքային հավաքականներում: Դա այնքան էլ հեշտ չէր, բայց ինձ հաջողվեց գտնել բավականին լավ մարզչի: Շատ կարևոր է, որ նա ոչ միայն ֆիզիկական գծով մասնագետ է և համալսարանի պրոֆեսոր, այլև շատ լավ է հասկանում ֆուտբոլից: Երկրորդը, ինձ պետք էր մարդ, ով մոտիկից կիմանար հայկական ֆուտբոլը և Հայաստանը: Եվ ես, իհարկե, միանգամից մտածեցի Արթուր Պետրոսյանի մասին: Նա աշխատել է ինձ հետ, երբ ես գլխավորում էի «Ցյուրիխը»: Նա աշխատում էր հիմնականում հարձակվողների հետ կամ գալիս էր Ռուսաստան և Արևելյան Եվրոպայի այն երկրներ, որտեղ կար ռուսերենի իմացության կարիք: Արթուրը գոհունակությամբ ընդունեց իմ հրավերը, բայց նա ունի լավ աշխատանք և պայմանագիր «Ցյուրիխում»: Ես խոսեցի «Ցյուրիխի» նախագահի հետ: Սկզբից նա ասաց, որ Արթուրին բաց չեն թողնի, որովհետև նա շատ կարևոր գործ է անում և գլխավորում է մինչև 21 տարեկանների թիմը: Ես չդադարեցրի փորձերս և գտա լուծումը: Արթուրը կգա միայն հավաքականի պաշտոնական խաղերի օրերին: «Ցյուրիխում» հանդես են գալիս տարբեր հավաքականների շատ խաղացողներ, ուստի այդ օրերին Արթուրը կարող է բացակայել ակումբից մի քանի օրով: Ես կարծում եմ, որ Արթուրի ներկայությունը հավաքականում շատ կարևոր կլինի:
Այդ ընթացքում մեկնեցի նաև Դորտմունդ և դիտեցի «Բորուսիա»-«Զենիթ» հանդիպումը: Խաղից հետո ես հանդիպեցի Հենրիխ Մխիթարյանին և մենք քննարկեցինք որոշ հարցեր: Իմ օգնականը դիտել է նաև Կառլեն Մկրտչյանի մասնակցությամբ «Ալկմար»-«Անժի» հանդիպումը: Մենք կատարել ենք նաև տեսավերլուծություններ: Վաղը ես կրկին մեկնելու եմ: Այս անգամ կմեկնեմ Ռուսաստան և տեղում կհետևեմ Հայաստանի ազգային հավաքականի այնտեղ հանդես եկող թեկնածուների խաղը: Երբ ժամանեցի Երևան, հասցրեցի դիտել նաև Հայաստանի առաջնության հանդիպումները և հանդիպել Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի գլխավոր մարզչի հետ: Ես կարծում եմ, որ նա բավականին գրագետ մարզիչ է, և մենք կկարողանանք լավ համագործակցել: Մի խոսքով' աշխատանքներն ընթանում են բնականոն հունով:
- Ի՞նչ տպավորություն եք ստացել մեր առաջնության հանդիպումներից և կա՞ն արդյոք ֆուտբոլիստներ, որոնք կարող են համալրել մեր ազգային հավաքականը:
- Կան 3-4 խաղացողներ, որոնց խաղը ես հավանել եմ, բայց դեռ վաղ է նրանց մասին վերջնական կարծիք կազմելու համար, քանի որ բացի «Բանանցից» մնացած թիմերի խաղերը ես տեսել եմ ընդամենը մեկ անգամ: Մենք պետք է հասկանանք, որ չունենք բավականաչափ թվով խաղացողներ և պետք է փնտրենք ֆուտբոլիստների պրոբլեմատիկ դիրքերի համար: Նրանց մեծ մասը լավ են վարվում գնդակի հետ, բայց տակտիկապես այդքան էլ գրագետ չեն գործում: Օրինակ, թիմերի մեծ մասը խաղում է ցածր տեմպով, անընդհատ փորձում է գնդակը երկար փոխանցումով ուղարկել առաջ, մինչդեռ ես հիմնականում իմ թիմերից պահանջում եմ խաղալ «խելացի» ֆուտբոլ, վերահսկել գնդակը, գրոհը սկսել պաշտպանությունից:
- Դուք ունեք նախընտրելի սխեմա՞, որի մեջ տեղավորում եք խաղացողներին, թե՞ ընտրում եք սխեման՝ ելնելով ձեր խաղացողների հնարավորություններից:
- Դա կախված է տարբեր հանգամանքներից: Ես դիտել եմ հավաքականի խաղերի մեծ մասը նախորդ 2 շրջափուլերում և համոզվել, որ այն ավելի լավ արդյունքի է հասել, երբ խաղացել է երկու հենակետայինով, բայց կլինեն խաղեր, երբ մենք կխաղանք մեկ մաքուր հենակետայինով, քանի որ Հենրիխը շատ հաճախ կարողանում է նահանջել, ինքը սկսել գրոհը: Դա կախված կլինի նաև նրանից, թե ում դեմ ենք խաղում: Երբ մենք խաղում ենք զանգվածային պաշտպանություն ունեցող թիմերի դեմ' մենք պետք է կարողանանք ավելի ճկուն լինել, քանի որ դժվար է ստիպել այդպիսի մրցակցին մեծ ուժերով նետվել առաջ: Մենք պետք է լինենք համբերատար և օգտագործենք մեր ուժեղ կողմերը: Վարդան Մինասյանը հսկայական աշխատանք է տարել և հավաքականին հասցրել է այս մակարդակին: Մենք պետք է ևս մի փոքր ավելացնենք՝ ցանկալի արդյունքի հասնելու համար: Մենք դեռ չենք մասնակցել խոշոր մրցաշարերի, բայց վերջին երկու շրջափուլերը ցույց տվեցին, որ այնքան էլ հեռու չենք այդ նպատակից: Հենց դա է իմ այստեղ գալու գլխավոր դրդապատճառը:
- Իսկ Ձեր կարծիքով, մինչ օրս ի՞նչն է խանգարել մեր հավաքականին կատարել այդ վերջին քայլը:
- Դժվար է նշել մեկ կոնկրետ պատճառ, բայց հավանաբար գլխավորներից մեկը պահեստայինների կարճ նստարանն է: Մենք ունենք շատ որակյալ խաղացողներ, բայց երբ նրանցից մեկը կամ մի քանիսը ինչ-որ պատճառով չի կարողանում խաղալ, մենք կանգնում ենք խնդիրների առջև: Մենք Հայաստանն ենք, ոչ թե Բրազիլիան, և չունենք այդքան մեծ թվով խաղացողներ, բայց մենք պետք է հասնենք նրան, որ յուրաքանչյուր դիրքում ունենանք մրցակցություն: Դա իմ աշխատանքն է, և ես գիտեմ, թե ինչպես հասնել դրան:
- Ի՞նչ կասեք ազգային հավաքականի դարպասապահի դիրքի մասին:
- Մենք ունենք Ռոման Բերեզովսկի, և դիտարկում ենք նրան որպես հիմնական դարպասապահ նաև հաջորդ շրջափուլի համար: Կա Գևորգ Կասպարովը, որին միշտ կարող ենք վստահել: Եվս 2 դարպասապահ խաղում են մինչև 21 տարեկանների հավաքականում: Բայց մենք պետք է հասկանանք, որ Ռոման Բերեզովսկին չի կարող խաղալ մինչև 50 տարեկան և պետք է սկսենք աստիճանաբար պատրաստել նրան արժանի փոխարինող:
- Դուք բավարարված ե՞ք Հայաստանի ֆուտբոլային ենթակառուցվածքներով, մարզադաշտերով և մարզումային պայմաններով:
- Այո, ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ ֆուտբոլի ակադեմիայում ամեն ինչ իդեալական է: Իհարկե որոշ ակումբներ չունեն իրենց սեփական մարզադաշտերը, բայց դա շտկելի հարց է, և ես գիտեմ, որ ժամանակի ընթացքում այդ խնդիրը նույնպես կլուծվի:
- Ի՞նչ նպատակներ եք հետապնդելու մոտակա հավաքի ժամանակ:
- Գլխավորը իրար հետ շատ խաղալն է, շատ շփվելը: Ինձ պետք են խաղացողներ 3 խաղի համար: Սա ինձ համար լավ հնարավորություն է՝ տեսնել հնարավորինս շատ խաղացողների, բայց ես չեմ կարող վերցնել խաղացողի միայն քանակ լրացնելու համար: Նա կմիանա մեզ, եթե ունի լավ որակներ և կարող է օգտակար լինել մեզ հետագայում: Բացի այդ, արդեն այս հավաքի ընթացքում մենք պետք է փորձենք որոշակիորեն աշխատել տակտիկական խնդիրների վրա: Օրինակ, խաղալ ավելի կոմպակտ, կամ ագրեսիվ պրեսինգով, կամ բարձր պաշտպանական գծով: Հնարավոր է, որ մեզ միանան նաև խաղացողներ մինչև 21 տարեկանների հավաքականից: Մենք պետք է աշխատենք, որ այդ գործընթացը լինի շարունակական: Մինչև 17 տարեկանների լավագույն ֆուտբոլիստները համալրեն մինչև 19 տարեկանների կազմը և այդպես շարունակ:
- Ի՞նչ տպավորություններ ունեք Հայաստանից:
- Տպավորությունս շատ լավ է, մարդիկ բարեհամբույր են, Երևանը՝ բավականին գեղեցիկ: Այստեղ կգա նաև կինս, և կարծում եմ՝ մենք հնարավորություն կունենանք ավելի լավ ծանոթանալու Հայաստանին և հայկական մշակույթին: Համենայնդեպս այս կարճ ժամանակահատվածում ևս մեկ անգամ համոզվել եմ, որ այստեղ կան բոլոր պայմանները՝ արդյունավետ աշխատանք կատարելու համար: