Օրեր առաջ տեղեկացա, որ մեր գործընկեր «Հետքը», ավելի ճիշտ՝ «Հետաքննող լրագրողներ» հկ-ն մեր լրատվամիջոցներից մեկին' PressIdent.am-ին, դատի է տվել հեղինակային իրավունքները խախտելու և չվերականգնելու մեղադրանքով։ Նախ՝ ասեմ, որ այդ ժամանակահատվածում, որում իրենք գտել են իրենց նշած խախտումները, տվյալ կայքի համար եղել է փորձարկման ժամանակաշրջան, և գուցե տեղ գտնեին որոշակի վրիպումներ և թերացումներ, թեև մեր լրատվական ընկերությունը նրանցից է, որը մշտապես փորձել է աշխատել հեղինակային իրավունքների բարձր գնահատմամբ և երբեք, ի տարբերություն շատ լրատվամիջոցների, ձեռք չենք գցել այլոց ստեղծածին և ներկայացրել որպես մեր սեփականը։

 

Ով՝ ով, ես լավ գիտեմ՝ ինչ ասել է մտավոր սեփականությունն ու հեղինակային իրավունքը։ Ինձանից մի ամբողջ ամսագիր, ասել է թե՝ մտավոր սեփականություն գողացան, սակայն ով, որ մի լրատվամիջոցը կանգնեց կողքիս: Շատ քչերը, որոնց թվում «Հետքը» հաստատ չկար: «Հետքի» այն պնդումը, թե չի շտկվել խնդիրը, իրականությանը չի համապատասխանում: Ավելին՝ մենք զգուշացնելուց հետո նյութը կրճատել ենք՝ պահպանելով մինչ այդ էլ տված ակտիվ հղումը (իսկ աշխատակցի թույլ տված միևնույն սխալի պատճառով երկրորդ նյութը հեռացվել է ընդհանրապես) և այլևս չենք օգտվել իրենց լրատվամիջոցից, քանի որ, եթե գործընկերդ խնդրին մոտենում է ոչ բարիդրացիական հարբերություններ պահպանելու դիրքերից և հանդուրժողականություն չի դրսևորում այդ ժամանակահատվածում դեռևս տեխնիկական փորձարկման փուլում գտնվող կայքի նկատմամբ, ապա, ավելի լավ է հեռու մնալ նման գործընկերոջից։

 

Ասեմ, որ մեր կայքերից էլ բազմիցս արտատպումներ են լինում, ավելին՝ երբեմն մեր նյութը մի փոքր ձևափոխում են և ներկայացնում որպես իրենց սեփականը, սակայն մենք անմիջապես դատարան չենք շտապում, այլ գրում ենք, զանգահարում, զրուցում՝ պահպանելով գործընկերային համերաշխությունը, քանի որ, եթե թուր ու թվանքն առնենք ձեռքներս, ուրեմն պետք է դատի տանք ոչ միայ տասնյակ կայքերի, այլև որոշ ամսագրերի, թերթերի, ինչպես նաև հեռուստառադիոընկերությունների, որոնք մշտապես օգտվում են մեր լրահոսից և երբեք հղում տալու պարտավորություն իրենց վրա չեն զգում։ Ասեմ ավելին, այն, որ մեզ դատի են տվել, այդ մասին մեզ չի իրազեկվել, երբևէ գրավոր նամակ կամ ծանուցման որևէ այլ միջոց մեզ չի հասել։ Այդ մասին տեղեկացել ենք լուրեր-բամբասանքների միջոցով, ինչն էլ շտապել ենք ճշտել մեր գործընկերներից։ Ինքս այժմ հանրապետությունում չեմ և մեր լրատվամիջոցի գլխավոր խմբագրից տեղեկացա, որ անձամբ կապ է հաստատել, փորձել շտկել իրավիճակը, սկայն զգացել է, որ մյուս կողմը պատրաստակամ չէ և ամենևին էլ գործընկերաբար չի մոտենում հարցին:

 

Ինչ է ստացվում, որ մեր հարգելի կոլեգաները որոշում են, որ մենք չենք կատարել իրենց պահանջները, սուսուփուս մեզ դատի են տալիս, և այդ մասին իմանում ենք միայն այլ կոլեգաներից: Հիանալի է։ Եթե «Հետքը», իր պնդմամբ, իր առջև վեհ գաղափարներ է դրել և լավ գործ է ուզում արած լինել, ասեմ, որ ճիշտ միջոց չի ընտրել: Հեղինակային իրավունքներն այդքան հարգող լրատվամիջոցը (եթե իրականում այլ շահեր ու նպատակներ չի հետապնդում), ամիսներ առաջ էլ կարող էր հանուն այդ վեհ գաղափարի կանգնել իր գործընկերոջ կողքին ու պայքարել նրա մտավոր սեփականության և հեղինակային իրավունքները վերականգնելու համար: Եթե մեզանից 200.000 դրամ գանձելով կարծում են հարց են լուծելու, ապա մեծ մոլորության մեջ են, քանզի մեր պարագայում (գուցե մեկ-երկու անգամ այլ կայքերից նյութն ամբողջությամբ է վերցվել) դա պարբերական բնույթ չի կրում, և այնպես չէ, որ զգուշացնելուց հետո այն չի շտկվել կամ չի հեռացվել: