Հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում իրադրությունը լարված է մնում, ինչի մասին վկայում են Ադրբեջանի ու Հայաստանի ռազմական կառույցների ու պաշտպանության նախարարությունների հաղորդագրությունները: Այս մասին ադրբեջանական Trend գործակալությանը հայտնել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

 

Նա հայտնել է, որ այդ հաղորդագրություններում տեղեկացվում է բազմաթիվ կրակահերթերի, ավելի լուրջ դեպքերի մասին, ինչի արդյունքում գրանցվում են կորուստներ, որոնցից յուրաքանչյուրն իսկական ողբերգություն է զոհերի ընտանիքների համար: Կասպրշիկն ընդգծել է, որ մյուս երկրներում տեղի ունեցող իրադարձությունները երկրորդ պլան չեն մղում ղարաբաղյան հիմնահարցը: «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հետևողականորեն ջանում են հակամարտության կողմերին նոր գաղափարներ տալ հիմնախնդրի կարգավորման գործընթացի առաջխաղացման համար»,- նշել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը' հիշեցնելով նախորդ ամսին համանախագահների հանդիպումը Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ, ինչպես նաև երկու երկրների նախագահների հանդիպումը: Նրա խոսքով, բոլոր ջանքերն ուղղված են լարվածությունը թուլացնելու և հակամարտության կարգավորման առաջընթացի համար:

 

«Ես և իմ խումբը պարբերաբար այցելում ենք հակամարտության հետևանքով տուժած շրջաններ' ԵԱՀԿ գործող նախագահին ու Մինսկի խմբի համանախագահներին նոր տեղեկատվություն հաղորդելու համար»,- ասել է Կասպրշիկը: