«Ցանկացած կուսակցություն ինքն է որոշում իր տեղն ու դերը քաղաքականության մեջ», - այս մասին ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով կոալիցիայից դուրս գալու ՕԵԿ-ի որոշմանը: «Մենք հարգանքով ենք վերաբերում ՕԵԿ-ի որոշմանը: Եվ պետք է ասեմ նաև, որ մենք արդյունավետ համագործակցել ենք»:

 

Նա նշեց, որ հավերժ կոալիցիաներ չեն լինում, իսկ մնալ կոալիցիայում, թե չմնալ, դա քաղաքական ուժի որոշելու հարցն է, որին պետք է հարգանքով վերաբերվել. «Պետք է ընդգծեմ, որ ՕԵԿ երեկվա հայտարարությունը կոռեկտ էր և հստակ»,- ասաց նա:

 

Հարցին, թե անակնալ եղել է իր համար ՕԵԿ-ի որոշումը, Շարմազանովը պատասխանեց, որ քաղաքական գործչի համար քաղաքական գործընթացներում անակնկալներ չպետք է լինեն: Մեկնաբանելով դիտարկումը, թե ՀՀԿ-ն այսուհետ միայնակ է պատասխանատվություն կրելու, Շարմազանովն ընդգծեց, որ ՀՀԿ-ն երկար տարիներ միայնակ պատասխանատվություն է կրել երկրում տիրող իրավիճակի համար. «Մենք պատասխանատվություն ենք կրել թե' դրական, թե' բացասական երևույթների համար և պատրաստ ենք հետագայում ևս տանել այդ պատասխանատվությունը»,- ասաց նա:

 

ՕԵԿ-ի քվոտայով գործող նախարարների հարցը ՀՀԿ ԳՄ նիստում չի քննարկվել: Շարմազանովը նշեց, որ երբ կքննարկվի այդ հարցը, բոլորն այդ մասին կտեղեկանան: