Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմ է նկարահանվում ԱՄՆ-ում: Ամերիկյան «Flawless Production» կինոարտադրող ընկերությունն այժմ աշխատում է ամերիկահայ ռեժիսոր Ներսես Հարությունյանի հեղինակած «Հայաստան, իմ երկիր, իմ մայր, իմ սեր» դրամայի վրա' նվիրված 1.5 միլիոն հայերի հիշատակին: Այս մասին հայտնում է ամերիկյան Digital Journal կայքը:

 

Հայոց ցեղասպանության մասին պատմող «Հայաստան, իմ երկիր, իմ մայր, իմ սեր» ֆիլմը մեծ էկրան կբարձրանա 2015 թվականի ապրիլի 24-ին, երբ ողջ աշխարհի հայությունն ու միջազգային հանրությունը նշանավորելու են մեծ ողբերգության 100-րդ տարելիցը:

 

«Մեր ցանկանությունն է մեծ ֆիլմ նկարահանել, որը ցուցադրության կդրվի 2015 թվականի ապրիլի 24-ին' Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին: Մեր պարտքն է այնպես անել, որ աշխարհն իմանա, ճանաչի, ներեղություն խնդրի և հատուցի 1915 թվականին ողջակիզված հայ երեխաների, մեր հուսահատ մայրերի արցունքների և մեր հայրերի անօգնականության համար. տարի, որ արյունով դրոշմվեց յուրաքանչյուր հայի հոգում»,- նշել է Հարությունյանը:

 

«Երբ աշխարհի մյուս ծայրին ողբերգություն է տեղի ունենում, ժամեր անց մենք իմանում ենք այդ մասին: Սակայն 1915 թվականի ցեղասպանությունը, որի ժամանակ թուրքերը կոտորեցին 1.5 միլիոն հայերի և տեղի ունեցավ առաջին հոլոքոստն աշխարհում, դեռ չի ճանաչվել թուրքական կառավարության և ոչ էլ Օբամայի վարչակարգի կողմից: Ինչպե՞ս է դա հնարավոր»,- իր հերթին զարմանքով նկատում է կայքը: