Նովոսիբիրսկցի թոշակառու Յուրի Բաբինը, որն ավելի հայտնի է որպես «կոպեկների միլիոնատեր», ապրիլի 18-ին ՌԻԱ «Նովոստիին» հայտել է, որ ցանկանում է իր ձեռքն ու սիրտն առաջարկել ՌԴ-ի ղեկավարի նախկին կնոջը՝ Լյուդմիլա Պուտինային:

 

Նախօրյակին ուղիղ եթերում ռուսաստանցիների հետ ամենամյա ավանդական շփման շրջանակներում ՌԴ-ի նախագահը, պատասխանելով այն հարցին, թե Ռուսաստանը երբ կտեսնի նոր առաջին տիկնոջը, ասել է, թե նախ պետք է մարդու տա նախկին կնոջը, իսկ հետո մտածի իր մասին:

 

«Ես ազատ եմ 2008 թվականից և ցանկանում եմ ձեռքս ու սիրտս առաջարկել Լյուդմիլա Ալեքսանդրովնա Պուտինային: Ես այդ մասին մտածում էի տակավին երկու ամիս առաջ, բայց երեկ Վլադիմիր Վլադիմիրովիչն ինձ մեկ անգամ ևս հուշեց: Հուսով եմ, որ երազանքս կիրականանա»,- ասել է Բաբինը՝ նշելով, որ ինքը Վլադիմիր Պուտինի հասակակիցն է:

 

Պատասխանելով այն հարցին, թե ինքն ինչ կերպ է պատրաստվում առաջարկություն անել Լյուդմիլա Պուտինային, Բաբինն ասել է, թե հուսով է, որ նա իր մտադրությունների մասին կիմանա զանգվածային լրատվամիջոցներից:

 

Յուրի Բաբինը' որպես կոպեկների միլիոնատեր, հայտնի է դարձել այն բանից հետո, երբ 2012 թվականի դեկտեմբերին վաճառքի հանեց մեկկոպեկանոց մետաղադրամների իր հավաքածուն: 7,5 տոննա քաշով հինգ միլիոն կոպեկը նա գնահատել է 19,9 միլիոն ռուբլի: Նաև Բաբինը հայտնի է նրանով, որ Կենտրոնական հետախուզական վարչության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին հինգ սենյակ է առաջարկել իր մենատանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: