Թաթուլ Կրպեյան` Արցախյան պատերազմի մասնակից, ՀՀ ազգային հերոս, 1990թ. սեպտեմբերից մինչև 1991թ. մայիս ամիսը' Հյուսիսային Արցախի Գետաշեն-Մարտունաշեն ենթաշրջանի ինքնապաշտպանության հրամանատարը:

 

Թաթուլը ծնվել է 1965թ. ապրիլի 21-ին Հայաստանի Թալինի շրջանի Արեգ գյուղում։ Տարրական և միջնակարգ կրթությունը ստացել է Թալինի Տեխնիկական դպրոցում, որն ավարտել է գերազանցությամբ:

 

Խորհրդային միության բանակում ծառայելուց հետո ընդունվել է ԵՊՀ պատմության ֆակուլտետ։ Համալսարանի չորրորդ կուրսում Թաթուլը միացել է Հայկական ազատագրական շարժմանը։ Նա այդ ժամանակ անգամ կարևորում էր ուսումը և այդ օրերին պատմություն էր դասավանդում Գետաշենի երկու դպրոցներում։ Թաթուլը նաև Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ վերամիավորելուն ուղղված «Միացում» կազմակերպության անդամ էր:

 

1990թ. սեպտեմբերին Թաթուլը մեկնեց Լեռնային Ղարաբաղ, որտեղ վիճակը շարունակում էր վատանալ։ Իր իսկ հիմնած զինված խմբով 1990թ. սեպտեմբերից մինչև 1991թ. մայիս ղեկավարել է Գետաշենի ենթաշրջանի (Գետաշեն-Մարտունաշեն) ինքնապաշտպանությունը՝ ընդդեմ ադրբեջանական զինված ուժերի և ոստիկանական խմբավորումների։

 

 

«Օղակ» գործողություն

 

1991թ. գարնանը Լեռնային Ղարաբաղի հյուսիսային շրջաններում ավելի էր սրվում պատերազմական իրադրությունը։ 1991թ. ապրիլին խորհրդային և ադրբեջանական իշխանություններն այս գյուղերի դեմ ուղղված ռազմական գործողություն սկսելու որոշում ընդունեցին:

 

Մոսկվայում ստեղծված մարդու իրավունքների «Մեմորիալ» կենտրոնը վերականգնել է այդ օրերի իրադարձությունները։ 1991թ. ապրիլի 30-ին Չորրորդ բանակը, իսկ քիչ ավելի ուշ՝ ադրբեջանական «ՕՄՕՆ»-ն, հարձակվեցին Շահումյանին մոտ գտնվող Գետաշենի վրա: ՕՄՕՆ-ականները, հարձակվելով տների վրա, սկսեցին թալանել և կողոպտել դրանք. միևնույն ժամանակ հարձակման ենթարկվեցին տեղի բնակիչները։ Մահացածների մեծ մասը 18-19 տարեկան էր:

 

 

Գետաշենի արծիվը

 

Արցախում ծաւալուած զանգուածային բռնութիւնների ալիքն իր գագաթնակէտին հասաւ 91-ի Ապրիլ-Մայիս ամիսներին: Հայերին տեղահանելու նպատակով ադրբեջանական հատուկ նշանակութեան զինուած ջոկատները (ՕՄՕՆ) ԽՍՀՄ ներքին գործերի նախարարութեան ուժերի աջակցութեամբ, փաստորէն, բացայայտ պատերազմ սկսեցին Գետաշէնի եւ Շահումեանի հայ բնակչութեան դէմ: Նրանք, իրականացնելով «Օղակ» գործողութիւնը, հրասայլերի ու զրահամեքենաների ուղեկցութեամբ հարձակուեցին նշուած շրջանների հայկական բնակավայրերի վրայ եւ դաժան մարտերով գրաւեցին Գետաշէն եւ Մարտունաշէն գիւղերը: Այստեղ սխրանքներ գործելով զոհուեց նաեւ հայկական ինքնապաշտպանութեան ջոկատի մարտիկ Թաթուլ Կրպեյանը՝ Գետաշենի արծիւը:

 

Ապրիլի 21-ը Ազգային հերոս Թաթուլ Կրպէեանի ծննդեան օրն է: Ամէն տարի Թաթուլ Կրպեյանի ընկերները, հարազատները, բարեկամները եւ բոլոր նրանք, ովքեր հարգում են ազգային հերոսի յիշատակը, այցելում են Թալինի շրջանի Արեգ գիւղ:

 

Առնական ու յաղթանդամ էր Թաթուլը, ոչ մի բանից չէր վախենում: Միշտ ասում էր. «Քամին քարին ի՞նչ կը տանի…»: Ինչքան էլ քամիներ փչեն, քարի մէջ ուժը մնում է: Գետաշէնն իր համար սրբութիւն էր:

 

«Գետաշէնը կը դատարկուի միայն իմ դիակի վրայով». Դա իր սկզբունքն էր եւ իր մահով փրկեց 3000 մարդու, նշում է տիկին Իրինան:
Այսօր Թաթուլի ծննդավայր Արեգ գիւղում հերոսի անունով դպրոց կայ, եւ ինչպէս հերոսի այրին նշեց. «Գետաշէնում զոհուած ազատամարտիկ ազգային հերոսները եօթն են եւ Երեւանում բոլորի անունով էլ լաւ կը լինէր, որ դպրոցներ լինէին»:

 

Արեգ գիւղի շիրմատանը, ուր հանգչում է Թաթուլի աճիւնը, կառուցուած է մի մեծ յուշարձան, որը նուիրուած է Թաթուլի եւ միւս ազատամարտիկների նուիրական յիշատակին:

 

Եւ այսօր էլ, երբ ոմանք փորձում են անջրպետ դնել հայ ժողովրդի միջև, հասկանում ես, որ սա չէր ազգային հերոսի բաղձանքը, և տեղին է տիկին Իրինայի ասածը. «Թաթուլը չէր կռւում էն մարդկանց համար, ովքեր փոքրամասնութիւն են, ճղճիմ մտքեր ունեն. ինքը ազգային մարդ էր, որ մեր պատմութեան մէջ միշտ վառ օրինակ է մնալու: Եթէ լինէր նա, կ’ասէր, որ սխալ է ազգը աղճատելը, դա մեր ազգային բնութագրին յարիր չէ»:

 

Թաթուլը մի շարք բանաստեղծությունների հեղինակ էր: Ներքոնշյալ՝ «Այսօր դուք ճերմակ աղավնիներ եք» բանաստեղծությունը գրվել է 1985 թվականին:

 

Թաթուլ մարդը, զինվորը, ռազմագետն ու պատմաբանը նաև գիտեր խոսել բանաստեղծի լեզվով:

 

Այսօր դուք ճերմակ աղավնիներ եք,
Վաղը ձեր ճերմակ, փրփուր էությամբ
Քայլելու եք դուք ձեր ընտրած ճամփով,

 

Արդյոք դուք գիտե՞ք, գալիք ճամփեքը
դժվար են լինում,
Կյանքը սիրում է տրորել նրանց,
ովքեր նորեկ են,
Ու դուք, սպիտակ իմ աղավնիներ,
Պիտի պայքարեք, պիտի փոխ առնեք
Բյուր աչքերն երկնի,
Պիտի քարանաք,
Երբ կյանքը ձեզնից քար ուզի կերտել,
Պիտի դար դառնաք,
Երբ կյանքը ձեզնից դար ուզի կերտել...
Բայց երբ նա կ'ուզի
Ձեր սերը մարել
Կամ ձեր սպիտակ էությունը սուրբ
մրոտել թույնով,
Այնժամ չընկճվեք,
Պայքարեք սիրով.

 

Սիրո պայքարն է, որ միշտ հաղթում է,
Իսկ ձեր հոգու մէջ անպարփակ պայքար,
Սիրո կարոտ կա, ի՛մ աղավնիներ...

 

Վախենում եք մահից

 

«Վախենում եք մահից: Հողի համար ես հենց հիմա պատրաստ եմ մեռնել: Հողի ու ազգի: Ես ոչ մի անգամ Երևանի օդանավակայանում չեմ իջնի ասելով՝ Գետաշենը հանձնեցինք: Գետաշենը կդատարկվի միայն իմ դիակի վրայով»:

 

1991 թվականի ապրիլի 30-ին, երբ Գետաշենում դրությունն օրհասական էր , «Օղակ» գործողություն ժամանակ զոհվում է «Գետաշենի Արծիվը»՝ Թաթուլ Կրպեյանը:

 

Եվ նորից մահ իմացյալ… Թաթուլն էլ չկար… Նա ընկավ իր ուխտի կես ճանապարհին, ընկավ, որ Արցախը հավերժի, ընկավ, որ Գետաշենը կանգուն մնա:

 

Կորուսյալ հայրենիքի վերադարձի գաղափարով ու վճռականությամբ էր դաստիարակված երիտասարդ թալինցի Թաթուլ Կրպեյանը, ով իր կյանքի կարճ , բայց և բովանդակ տարիների ընթացքում ապացուցեց, որ հայրենիքի համար պետք է պայքարել սրտացավորեն.

 

Այսօր էլ Թաթուլը ողջերի մեջ է: Նրա տեսակը կենդանի լեգենդ է, որ ապրում է հայ մարդու սրտում ու հոգում: Նրա տեսակը անմեռ է….