Մեխիկոյի Գեղեցիկ արվեստների պալատում ապրիլի 21-ին տեղի կունենա Գաբրիել Գարսիա Մարկեսի հետ հրաժեշտի արարողությունը: Ինչպես հայտնել են քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները, սգո միջոցառմանն սպասվում է նախագահ Էնրիկե Պենյա Նիետոյի և Կոլումբիայի ղեկավար Խուան Մանուել Սանտոսի ներկայությունը:

 

Մշակույթի և արվեստի ազգային խորհրդի նախագահ Ռաֆայել Տովարի խոսքով՝ հրաժեշտի արարողությունը կտևի շուրջ չորս ժամ: Դրան կմասնակցեն աշխարհի մշակույթի գործիչներ և ազգային հասարակայնության ներկայացուցիչներ, ինչպես նաև գրողի տաղանդի երկրպագուներ:

 

Ինչպես նշել է Ռաֆայել Տովարը, առայժմ որոշված չէ, թե որտեղ կթաղվի Գարսիա Մարկեսը: Գրողի մերձավորները, որոնք բնակվում են Մեխիկոյում, ցանկանում են, որ նրա աճյունը մնա Մեքսիկայի մայրաքաղաքում: Գրողի՝ Կոլումբիայում բնակվող ազգականներն, իրենց հերթին, խնդրում են նրա աճյունը տանել այդ երկիր, որը նրա հայրենքին է: Այս պահին քննարկվում է այն տարբերակը, ըստ որի աճյունի մի մասը կմնա Մեխիկոյում, մյուսը՝ կուղարկվի Բոգոտա:

 

Հռչակավոր կոլումբիացու ստեղծագործության երկրպագուները նրա տան մոտ դնում են դեղին ծաղիկների փնջեր: Գրողը կյանքի օրոք գերադասում էր դրանք:

 

Ըստ քաղաքային իշխանությունների տեղեկատվության՝ Գեղեցիկ արվեստների պալատում հրաժեշտի արարողությանը կհետևեն սգո մի ամբողջ շարք միջոցառումներ Կոլումբիայում: Մասնավորապես, Բոգոտայի Մայր տաճարում կկայանա պատարագ, որի ընթացքում Ազգային սիմֆոնիկ նվագախումբը կկատարի Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Ռեքվիեմը»:

 

Գարսիա Մարկեսը վախճանվել է ապրիլի 17-ին Մեխիկոյի՝ իր տանը: Ըստ նախնական վարկածի՝ մահվան պատճառ են դարձել երիկամային անբավարարությունը և շնչուղիների հիվանդությունը, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: