ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը կարծում է, որ շատերը կարող են իրենից լավ աշխատել իր ներկայիս պաշտոնում, հաշվի առնելով այն, որ անփոխարինելի մարդ երբեք չի եղել և չի լինելու:

 

Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով իր վերանշանակման ուշանալու մասին հարցին՝ Աշոտյանը հիշեցրեց, որ ՀՀ սահմանադրությունը մինչև 20 օր ժամկետ է նախատեսում նոր կառավարության ձևավորման համար: «Այլ բան է, որ Սահմանադրությունը չի նախատեսում, որ լրատվական միջոցները շատ անհանգիստ են և անհամբեր՝ նշանակումները լուսաբանելու համար: Գալիք սահմանադրական բարեփոխումների համատեքստում գուցե լրագրողների կողմից խնդրանք լինի հանձնաժողովին՝ հաշվի առնել նաև ձեր անհանգստությունը»,- կեսկատակ նշեց Աշոտյանը:

 

Հովիկ Աբրահամյանը վարչապետի պաշտոնում նշանակվել է ապրիլի 13-ին և 20-օրյա ժամանակահատվածում պետք է ձևավորի նոր կառավարություն: Դեռեւս նշանակվել են ՀՀ սփյուռքի, քաղաքաշինության, առողջապահության, արտակարգ իրավիճակների, արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարները: