Հայաստանի Հանրապետության նոր ձևավորվող կառավարության կազմում կան նախարարներ, որոնք վերանշանակվել են իրենց պաշտոններում, ինչպես նաև կան այնպիսիք, ովքեր երբեք կառավարության անդամ չեն եղել: Այս մասին ապրիլի 25-ին լրագրողների հետ հանդիպման ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը: «Կան նաև նորանշանակ նախարարներ, ովքեր ժամանակին աշխատել են կառ ավարությունում, և նրանք հիմնականում այն կադրերն են, ովքեր աշխատել են լուսահոգի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի կառավարման տարիներին, ուստի նրանք Հանրապետական կուսակցության թիմից են եղել նաև այդ տարիներին, և այս առումով ես կառավարության գործունեության շարունականություն տեսնում եմ»,-ասաց Մինասյանը:
Պատգամավորն ենթադրեց, որ նորանշանակ նախարարները, ովքեր նախկինում երբեք կառավարության մաս չեն կազմել, կհամալրեն այն թիմը, որն ի զորու է հաղթահարել այն մարտահրավերները, որոնց առաջ այսօր կանգնած է երկրի տնտեսությունը:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ապրիլի 2-ին հրաժարականի դիմում է ներկայացրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, որն ընդունվել է Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի կողմից: Վարչապետի հրաժարականին հաջորդել է նաև կառավարության հրաժարականը: ՀՀ նախագահը վարչապետ է նշանակել ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանին: ՀՀ նախագահի հրամանագրերով իրենց պաշտոններում վերանշանակվել են Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում նշանակվել է Կարեն Ճշմարիտյանը, քաղաքաշինության նախարարի պաշտոնում՝ Նարեկ Սարգսյանը, առողջապահության նախարարի պաշտոնում՝ Արմեն Մուրադյանը: