Ադրբեջանական հասարակությանը ցնցել է լրագրողների ռազմական հետազոտությունների «Դոկտրինա» կենտրոնի կողմից 2014 թ. հունվար-ապրիլ ամիսների վերաբերյալ կատարած մոնիթորինգի արդյունքների հրապարակումը, ըստ որի ընթացիկ տարում ադրբեջանական բանակում գրանցվել է 29 կորուստ, որոնցից 20-ը զոհվել են ոչ մարտական պայմաններում' այդ թվում 10 զինծառայող ինքնասպան են եղել: Հիշյալ ժամանակաշրջանում վիրավորվել կամ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել 37 զին ծառայող:

 

«Ընդամենը 4 ամսվա ընացքում Ադրբեջանի զինված ուժերի շարքերում երբեք այդքան մեծ թվով ինքնասպանություններ չեն եղել», -գրում է ադրբեջանական «Զերկալո» թերթը:

 

Կենտրոնի փորձագետները գտնում են, որ ադրբեջանական բանակում ինքնասպանությունների այդքան մեծ թիվը լուրջ անհանգստություն է առաջացրել հասարակության մեջ, բացի այդ, Ադրբեջանի ԶՈւ շարքերում անվստահություն է առաջացնում ինքը' զինվորական մասնագիտությունը:

 

Թերթը նշում է, որ ո՛չ համապատասխան կառույցները, ո՛չ էլ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դեռեւս պաշտոնական դիրքորոշում չեն արտահայտել բանակում կորուստների աճի առիթով: Նախարարության ներկայացուցիչները տարբեր ԶԼՄ-ներին արած մեկնաբանություններում հայտարարում են, որ պաշտպանական հատվածում կորուստների թվաքանակի հրապարակումը հնարավոր չէ' հղում կատարելով դրա ռազմական գաղտնիք լինելու վրա: Սակայն անկախ փորձագետները համաձայն չեն դրա հետ: Նրանց կարծիքով, զարգացած երկրներում, ինչպես նաեւ որոշ զարգացող երկրներում, որոնք բանակաշինության մեջ որոշակի առաջընթացի են հասել, պաշտպանական հատվածում կորուստների վիճակագրությունը չի թաքցվում հասարակությունից:

 

Ադրբեջանական բանակում զինծառայողների մահվան դեպքերը կրճատելու նպատակով «Դոկտրինա» կենտրոնն առաջարկում է հասարակությանը տեղեկություն հայտնել Ադրբեջանի ԶՈՒ շարքերում զինվորի զոհվելու եւ վիրավորվելու յուրաքանչյուր դեպքի մասին:

 

«Ռազմական դատախազության եւ պաշտպանության նախարարության այդ ուղղությամբ աշխատանքը պետք է լինի թափանցիկ: Այս ոլորտում փակվածությունը ոչ մարտական պայմաններում ադրբեջանական զինվորների զոհվելու շուրջ անպատժելիության մթնոլորտ է ստեղծում», -Կենտրոնի փորձագետների կարծիքը մեջբերում է թերթը: