Ազգային ժողովի նախագահի թեկնածու Գալուստ Սահակյանը ձեռնարկատիրական գործունեությամբ չի զբաղվում: Նա ԱԺ նիստի ընթացքում պատասխանեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հարցին, ով, հիշեցնելով, որ պատգամավորներին, ՀՀ Սահմանադրության համաձայն, արգելվում է զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, Սահակյանին հարցրեց, թե ինչպես է վերաբերում այն հանգամանքին, որ որոշ ՀՀԿ-ական պատգամավորներ տարբեր բիզնես գործունեություն են ծավալում: Լևոն Զուրաբյանը նաև նշեց, որ կան խոսակցություններ, թե Գալուստ Սահակյանն էլ ունի բիզնես, մասնավորապես, երթուղային միկրոավտոբուսի գիծ:

 

Ի պատասխան ՀԱԿ խմբակցության ղեկավարի հարցադրմանը՝ Գալուստ Սահակյանը նշեց, որ ինքը գիծ ունի, սակայն դա «միայն քաղաքական գիծ է»: «Նաև պետք է ասեմ, որ ոչ միայն պատգամավորները, այլ ցանկացած քաղաքացի Սահմանադրությունը խախտելու իրավունք չունի: Նաև պետք է նշեմ, որ պատգամավորները կարող են բաժնետեր լինել, դա բիզնես չէ, այլ ներդրում է: Ես բիզնես չունեմ, սակայն եթե հնարավորություն ունենամ' բաժնետեր կլինեմ և ձեզ էլ խորհուրդ կտամ բաժնետեր լինել, որովհետև մենք բոլորս էլ պետք է մասնակցություն ունենանք մեր տնտեսության զարգացմանը»,- ասաց Սահակյանը:

 

Նա նշեց, որ կփորձի իր համեստ միջոցներով պարզել, թե որ պատգամավորն է խախտում օրենքը և բիզնես գործունեությամբ զբաղվում՝ սակայն, նկատելով, որ դա պարզելու համար այս պահին որևէ մոդել չկա: