ՀՀ կրթության և գիտության նախարար, Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը ողջունում է Ազգային ժողովի նախագահի ընտրությանը ոչ իշխանական ուժերի մասնակցության փաստը: «Ողջունում եմ, որ քվեարկությանը մասնակցել են պատգամավորներ նաև ոչ իշխանական խմբակցություններից՝ ինչպես անհատներ, այնպես էլ քաղաքական ուժեր: Կարծում եմ, որ այն ճանապարհը, որը որպես այլընտրանքային կարող էր դիտվել, ճիշտ ճանապարհ չէ պետականաշինության գործընթացում: Եվ ԲՀԿ-ի, և ՕԵԿ-ի, և «Ժառանգության» ու Ալիկ Արզումանյանի, և Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը բարձր եմ գնահատում, որովհետև քաղաքական գործընթացները որոշակի արժեհամակարգային շրջանակ ունեն»,- ասաց Աշոտյանը:

 

Նրա խոսքով՝ ԱԺ խոսնակի պաշտոնի դերակատարությունն այնպիսին է, որ անկախ քաղաքական հայացքներից, պատգամավորներն իրավունք ունեն չմասնակցելու, բայց ժամանակի հրամայականն է' լինել քաղաքականության մաս:

 

Հարցին, թե կայացած քվեարկությանը ոչ իշխանական «Բարգավաճ Հայաստան» և «Օրինաց երկիր» խմբակցությունների մասնակցությունն ի՞նչ է հուշում, որ նրանք իշխանության հե՞տ են, թե ընդդիմադիր, Աշոտյանը հարցով պատասխանեց. «Նիկոլ Փաշինյանն էլ է երեկ քվեարկել, կարծում եք իշխանության մա՞ս է»:

 

Ըստ նրա՝ կապ չունի, որ Փաշինյանը չի քվեարկել Գալուստ Սահակյանի օգտին, քանի որ ամեն դեպքում մասնակցել է քվեարկությանը, չնայած նրան, որ ոչ իշխանական քառյակը նախապես հայտարարել էր, որ չի մասնակցելու ԱԺ նախագահի ընտրության քվեարկությանը: Աշոտյանը ողջունում է պատգամավորների քաղաքացիական ու քաղաքական կեցվածքը, երբ կարողանում են զանազանել տարբեր հարցեր ու հասկանալ, որ քաղաքական համակարգի մշակույթի ձևավորման տրամաբանության մեջ իրենց մասնակցությունը կարևոր քայլ է:

 

Մյուս հարցին, թե Գալուստ Սահակյանը մի առիթով ասել է՝ «ԲՀԿ-ն մերն է», Արմեն Աշոտյանը նշեց. «Բոլոր քաղաքական ուժերն էլ մերն են և «Հանրապետականը» քաղաքական պատնեշներին ու խրամատներին դեմ է: Բոլորն էլ մերն են՝ Նիկոլ Փաշինյանն էլ է մերը, Նաիրա Զոհրաբյանն էլ, մենք էլ իրենցն ենք: Առանց մեկս մյուսի չենք կարող աշխատել»,- եզրափակեց Աշոտյանը: