Օրերս Ազգային ժողովում' լրագրողների հետ ճեպազրույցում, ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը նախագահ կամ վարչապետ դառնալու ճանապարհը ցույց տվեց:

 

Վերջինիս խոսքով' Հայաստանի նախագահ կամ վարչապետ դառնալու հավակնողները դեպի այդ պաշտոնը գնալու մեկ ուղի ունեն' Մելիք Ադամյան փողոցը, որտեղ տեղակայված է ՀՀԿ գլխավոր գրասենյակը:

 

Բացի այդ, Շարմազանովը նաև ասել էր, որ ՀՀԿ-ն ապագա տասնամյակում շարունակելու է մնալ Հայաստանի քաղաքական համակարգի առաջատար: Ապագա տասնամյակում որոշիչը լինելու է ՀՀԿ-ն և այն լինելու է Հայաստանի քաղաքական դաշտի թիվ մեկ ջութակը:

 

Լուրեր.com-ի թղթակիցը փորձեց մեկնաբանություններ ստանալ ՀՀԿ-ական պատգամավորներից, արդյոք նրանք ևս կիսում են իրենց կուսակցի միտքը, սակայն, ինչպես պարզվեց, պատգամավորների հետ կապվելն այդքան էլ դյուրին չէր:

 

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը հարցը լսելուն պես' խուսափեց պատասխանից. «Այդ ամեն ինչն արդեն ասված է, ես չեմ ուզում մեկնաբանել»:

 

Պատգամավոր Նաիրա Կարապետյանը ղեկին էր. սեփական անվտանգության նկատառումներից ելնելով' չցանկացավ մեզ հետ զրուցել:

 

Արտակ Զաքարյանն էլ զբաղված էր:

 

Իսկ Մարգարիտ Եսայանն անգամ հեռախոսազանգին չպատասխանեց:

 

Անհասանելի ՀՀԿ-ականներ ևս կային: Հավանաբար, նրանք բոլորն էլ շտապում են դեպի Մելիք Ադամյան փողոց, որտեղ տեղակայված է ՀՀԿ գլխավոր գրասենյակը: