Մաքսային Միությանն անդամակցությունը բխում է Հայաստանի Հանրապետության շահերից: Մայիսի 5-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը: «Ես ի սկզբանե Մաքսային Միությանն անդամակցությանը կողմնակից եմ եղել, քանի որ այն բխում է բացառապես մեր երկրի շահերից: ՄՄ անդամակցությունը մեզ համար գերակա շահ է»,-ասաց տնտեսագետը:

 

Նա առաջին հերթին առանձնացրեց անվտանգության գործոնը, ինչը շատ կարևոր նշանակություն ունի: «Այսօր մեզ համար առաջնահերթ է անվտանգության հարցը: Տեսեք, թե այսօր ինչ է կատարվում 45-միլիոնանոց Ուկրաինայում և կհասկանաք, թե անվտանգությունը որքան կարևոր է մեզ համար, իսկ ՄՄ անդամակցությունը մեզ համար անվտանգության երաշխիք է»,- ասաց Բոստանջյանը:

 

Նա նշեց, որ ՄՄ անդամակցությունը լրացուցիչ ներդրումների հոսք կբերի Հայաստան՝ նպաստելով երկրի տնտեսության զարգացմանը:
Տնտեսագետն ընդգծեց, որ Հայաստանը ՄՄ-ի հետ բանակցություններում պետք է ձգտի առավելագույն շահ քաղել:

 

Մաքսային Միությանն անդամակցելու ցանկության մասին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է 2013թ. սեպտեմբերի 3-ին Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն հայտարարել է, որ ՄՄ-ին Հայաստանի անդամակցության նախագիծը պատրաստ կլինի հունիսի 1-ին: