Դեսպանն արդեն չափը շատ է անցել: ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինի հայտարարությանը, թե պետք է զբաղվել ՀՀ-ում գործող այն հասարակական կազմակերպությունների չեզոքացմամբ, որոնք ցանկանում են սեպ խրել հայ-ռուսական հարաբերություններում, Tert.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։

 

«Սա նրա առաջին հայտարարությունը չէ, որը վերաբերում է Հայաստանում քաղաքացիական հասարակության ինստիտուտներին: Նաև Ռուսաստանի հայրենակիցների հետ հանդիպման ժամանակ էր նման բան թույլ տվել իրեն»,-ասաց Արթուր Սաքունցը՝ ավելացնելով, թե սա լիովին համընկնում է ՀԱՊԿ-ի քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հայտարարություններին, որոնցում նա ակտիվորեն կոչ է անում բարեկամ երկրներում կասեցնել բոլոր այն գործընթացները, որոնք ուղղված են ՀԱՊԿ-ի կամ ռուսական պետության արժեքային համակարգի դեմ:

 

Արթուր Սաքունցի խոսքով՝ Վոլինկինը հայ-ռուսական հարաբերություններում մեծ դեր է տալիս քաղաքացիական հասարակությանը և ճիշտ է անում. «Որովհետև գոյություն ունեն ո´չ թե հայ-ռուսական հարաբերություններ, այլ՝ հարաբերություններ դիկտատորի և նրա վասալների միջև: Եվ երբ դրա մասին ասվում է միայն քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից, բնականաբար, կայսրի տեղապահին դուր չի գալիս, որ իրենց գաղութային, կայսերապաշտական, հակամարդկային քաղաքականության վերաբերյալ տրվում են ճշմարիտ և օբյեկտիվ գնահատականներ»,-փոխանցեց Արթուր Սաքունցը:

 

Վերջինս նաև պնդում է, թե Հայաստանում փորձ է արվում կիրառել այն մեթոդը, որը արվում է Ռուսաստանում՝ լռեցնել անկախ, ճշմարիտ ձայնը:

 

Արթուր Սաքունցն ընդգծեց, որ Վոլինկինն իր հայտարարությամբ, ըստ էության, խախտել է դիվանագիտական բոլոր նորմերը:

 

ԱԺ «Հանրապետական» խմբակցության անդամ, Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի հայկական պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանն ընդգծեց, որ դեսպանի կողմից ասվածի ենթատեքստը բոլորովին այլ իմաստ ունի: Նա ընդգծեց, որ «իրականում դեսպանը իր հարցազրույցում սրտացավություն է դրսևորել բոլոր այն իրավիճակների նկատմամբ, ինչպիսին որ ականատես ենք լինում այսօր Ուկրաինայում»:

 

«Ենթատեքստը դա է, նա ասել է, որ երբեք ու երբեք չի կարելի գործը հասցնել այն վիճակին, որ ունենանք նման պատկեր, և պետք է կանխել բոլոր այն ուժերի ոտնձգությունները, որոնց գործողությունների արդյունքում երկիրը քաոսի կարող է վերածվել: Նրա խոսքը կա´մ միտումնավոր են աղավաղում, կա´մ ենթատեքստից կտրում են»,-ասաց նա և հորդորեց ընթերցել բուն հարցազրույցը:

 

«Նախախորհրդարանի» անդամ Տիգրան Խզմալյանի դիտարկմամբ՝ դեսպանի այս հայտարարությունը խայտառակություն է Հայաստանի համար, սակայն միևնույն ժամանակ՝ նա վստահություն հայտնեց, որ ոչ մի մեղադրական մեկնաբանություն կազմակերպությունների կողմից չի հնչի:

 

«Սա մի ամբողջ գործընթացի մաս է, որը նպատակաուղղված է Հայաստանի կլանմանը Կրեմլի կողմից: Փաստորեն իշխանությունը մեզ վաճառում է, վաճառում է ազգի անկախությունը, երկրի պետականությունը՝ դիմացը ստանալով սեփական իշխանության երաշխիքներ Ռուսաստանի կառույցներից: Վոլինկինն ընդամենն ընդլայնում է Կրեմլի գործառույթը՝ ներգրավելով նախկինում անկախ Հայաստանը: Կարելի է ասել, որ հիմա ՀՀ Նախագահի, վարչապետի և ԱԺ նախագահի անունն է՝ Իվան Վոլինկին»,-ասաց նա։

 

Նշենք, որ դեսպանը հարցազրույցը տվել է Մոսկվայում լույս տեսնող հայկական «Ноев Ковчег» ռուսալեզու պարբերականին: