Ըստ Ձեզ, ինչպիսի՞ն կլինի առաջիկա նախընտրական քարոզարշավը. Այն իրենից հետաքրքրություն կարո՞ղ է ներկայացնել ստեծղված իրավիճակում, թե՞ ոչ: Այս հարցադրմամբ «ՉԻ»-ն դիմեց տարբեր լրատվամիջոցների ղեկավարներիմ քաղտեխնոլոգների և մեդիափորձագետների: Նրանց գերակշիռ մեծամասնությունը առանձնապես սպասելիքներ թե’ բուն ընտրություններից, թե’ դրան նախորդող կարևորագույն ժամանակահատվածից, որի անունն է' նախընտրական քարոզարշավ:

Քաղաքական մեկնաբան, «Կենտրոն» հեռուստաընկերության քաղաքական-լրատվական ծրագրերի տնօրեն Պետրոս Ղազարյան

-Գիտեք, մարդիկ մեծ հաշվով այս ընտրություններին գնալու մոտիվացիա չունեն:

-Այսինքն' կարելի է քարոզարշավի էջն էլ փակված համարե՞լ:

-Իշխանությանը ընտրող մարդիկ չեն գա ընտրության, քանի որ իշխանության թեկնածուն լուրջ մրցակից չունի, ուստի կաշվի դուրս գալու խնդիր չի առաջանա: Ընդդիմադիր քաղաքացիները նույնպես չեն գա, որովհետև չկա ուժեղ կոնսոլիդացնող ընդդիմադիր թեկնածու: Իշխանության գլխավոր խնդիրը պետք է լինի մարդկանց բերել տեղամաս և 85 տոկոս ձայն ապահովել:

-Որպես քաղաքական մեկնաբան' սպասու՞մ եք քարոզարշավի մեկնարկին, թե՞ ոչ:

-Չեմ սպասում' անկեղծ ասած: Այդ էտապը չսկսված կարելի է սպառված համարել: Ինձ համար ավելի հետաքրքիր են հետընտրական գործընթացները, իշխանության և ընդդիմության վարքագիծը: Երբ քաղաքական օրակարգ չկա, քարոզարշավն էլ իմիտացիոն բնույթ է կրելու:

Սասունցի Դավթի, Հայրիկյանի էգոյի, Բագրատյանի լիբերալիզմի, Րաֆֆու շուռ տված սարերի ու ռադիոհայի պայքարը ՀՀԿ-ի նժդեհականության հետ, ես առանց շատ խմելու չեմ կարող պատկերացնել:

Քաղաքական մեկնաբան, «Դե ֆակտո» քաղաքական ամսագրի և «Slaq.am» կայքի սեփականատեր Մենուա Հարությունյան.

-Ես կարծում եմ, որ քարողարշավը լինելու է այնպիսին, ինչպիսին պլանավորված է եղել նախապես: Իմ կարծիքով, ինչքան ես նկատում եմ, նախագահի համար ընդհանրապես տարբերություն չկա, թե իր դեմ ինչպիսի թեկնածուներ են առաջադրվել; Ինքը ամեն դեպքում կտանի այնպիսի քարոզարշավ, ինչպիսին պլանավորել էր: Մյուս կողմից այս քարոզարշավը հետաքրքիր կլինի նրանով, որ ամեն դեպքում սերունդ է փոխվել, և այսօր արդեն ՀՀ-ում' անկախ Հայաստանում ծնված-մեծացած քաղաքացիներն են գնալու քվեարկելու' հետևաբար թեկնածուները պետք է նոր ասելիքով մտնեն քարոզարշավի մեջ' հաշվի առնելով, որ իրենց այս անգամ իրոք անկախ Հայաստանի ծնունդ քաղաքացիները: Ես հետաքրքիր քարոզարշավ եմ ակնկալում:

-Դուք' որպես քաղաքական մեկնաբան, սպասումներ ունե՞ք այս քարոզարշավից:

-Ես, ճիշտն ասած, ավելի էսպես կողքից եմ դիտելու քարոզարշավը, ինքս չեմ մտնելու պրոցեսների մեջ, բայց հաշվի առնելով այն, որ ես քաղաքական «Դե ֆակտո» ամսագրի և միաժամանակ «Slaq.am» էլ. Կայքի սեփականատերն եմ, ինձ համար այս տեսանկյունից երկու հետաքրքրություն կա: Առաջինը' որ կարողանամ գումար վաստակել իմ գործընկերների միջոցով, երկրորդ' որպես քաղաքացի ակնկալեմ, որ քարոզարշավն ու ընտրություններն անցնեն բարձր մակարդակով, ազատ-ժողովրդավարական երկրին հարիր մակարդակով: Այս քարոզարշավը տարբերվելու է մյուսներից, որ փոխադարձ վիրավորանքներ և մեկը մյուսին նսեմացնող պրոցես չի լինելու: Թեկնածուները պետք է հաշվի առնեն, որ այս անգամ իրենց աուդիտորիան լինելու է անկախ Հայաստանի երիտասարդությունը: Նկատեմ նաև, որ եթե նախկինում քարոզարշավների ժամանակ, ավելի շատ խոսվում էր ԼՂ հարցի կարգավորման, արտաքին հարաբերությունների մասին, ապա այս քարոզարշավում վստահ եմ, որ քաղաքացուն ավելի շատ հետաքրքրելու է տնտեսական-սոցիալական վիճակը: Այսինքն' այս քարոզարշավն ավելի շատ լինելու է տնտեսությանը վերաբերող կոնտեքստում:

Քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյան.

Ձեր նշած հարցին պատասխանեմ' ոչ: Իհարկե, նախագահական ընտրությունները չեն կարող պարզապես որպես շարքային օր անցնել, բայց ես կարծում եմ, որ ի տարբերություն մնացած բոլոր ընտրությունների, այս ընտրություններն ավելի հետաքրքիր են լինելու հետընտրական պրոցեսներում: Գործընթացը շատ հետաքրքիր էր նախա-նախընտրական շրջանում և հետաքրքիր կլինի հետընտրական շրջանում;

-Որպես քաղտեխնոլոգ' չե՞ք սպասում քարոզարշավի մեկնարկին, սպասումներ չունե՞ք այս փուլից:

-Ի՞նչ սպասումներ պետք է լինեն, եթե սկզբունքորեն ամեն ինչ պարզ է: Շոու ներկայացումն ընդհանուր առմամաբ կապահովվի, բայց սպասումներ, թե ասենք վայ տեսնես ո՞վ կընտրվի էպոսագետը, թե Արամ Հարությունյանը, բնական է, ես նման հիմար սպասումներ չունեմ: