Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հարգում է Երևանի ավագանու որոշումը' դրական եզրակացություն տալ ԽՍՀՄ գործիչ Անաստաս Միկոյանի արձանը տեղադրելուն: «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Մարգարյանը' խուսափելով նշել, թե հարցի շուրջ որն է իր անձնական տեսակետը: Երևանի քաղաքապետն ասաց, որ Միկոյանի անցյալի հետ կապված փոստերը չի տեսել: «Փաստեր են բերում, որոնք մենք չենք տեսել, ուղղակի լսել ենք: Ինչ վերաբերում է կիսանդրին տեղադրելուն համաձայնություն տալուն, մենք որպես քաղաքապետարան' ավագանու նիստի քննարկման ընթացակարգ ունենք: Մտավորականները, նրա ընտանիքի անդամները դիմել են' մենք պարտավոր ենք քննարկել»,- ասաց նա:
Միաժամանակ, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը նշեց, որ իր գլխավորած գերատեսչության իրավասություններից ընդհանարապես դուրս հարց է դա: Նրա խոսքով՝ այստեղ անելիք ունեն պատմաբանները, ովքեր պետք է իրենց խոսքն ասեն: «Իրականում ինչի՞ն եմ դեմ՝ որպես քաղացի: Մեր գործիչների մասին որևէ բան ասելուց եկեք մի քիչ մտածենք, թե ինչ ազդեցություն դա կարող է ունենալ, օրինակ, միջազգային ասպարեզում: Այսինքն՝ մի քիչ զգույշ լինենք, խորամանկ, սուս-փուս քննարկենք, հասկանանք, կշռադատենք և որոշումները կայացնենք: Երբ մենք բացասական բաներ ենք ասում Միկոյանի մասին, պետք է նկատի ունենանք, որ ոչ միայն մեզ համար է այդ տեղեկատվությունը, այլ ընդհանրապես»,- նշեց նախարարը:
Այն դիտարկմանը, որ պատմությունն է փաստում Միկոյանի անցյալը, Հասմիկ Պողոսյանը պատասխանեց, որ այդ պատմությունը մենք ենք այսօր վեր հանում: «Այդ պատմությունը գիտեք ի՞նչ է՝ մարդու լավ գործերը մնում են, վատն անցնում գնում է: Դրա համար ձեզ ասում եմ՝ պետք է քննարկվի»,- ասաց նա:
Նախարարի կարծիքով' հավանաբար Երևանի ավագանին լրացուցիչ քննարկումներ կանի խնդրի հետ կապված: