Տավուշի մարզի սահմանապահ այգեպարցի երիտասարդ ընտանիքը բնակարանի խնդիր ունի, ինչն էլ ստիպել է ընտանիքի հորը՝ բռնել արտագնա աշխատանքի ուղին:
Վիոլետա Հովսեփյանի և Կորյուն Համբարձումյանի երիտասարդ ընտանիքն ապրում է գյուղի դատարկ տներից մեկում: Մինչ այդ տուն տեղափոխվելը նրանք ապրում էին Կորյունի հայրական տանը, սակայն երբ նրա եղբայրը ևս ամուսնացել է, բնակարանի փոքր լինելու պատճառով երկու ընտանիքներին առանձնացնելու խնդիր է առաջացել, և Կորյունն իր կնոջ և երկու երեխաների հետ տեղափոխվել է ուրիշ բնակարան:

 

«Էդ կրակոցները հեչ, դրանցից մենք չենք վախենըմ, արդեն սովորել ենք:Որ տուն ունենանք, էլի կապրենք, բայց էստեղ որ մնամ, ո՞նց տուն ստեղծեմ: Դրա համար գնում եմ աշխատեմ, որ էրեխեքիս համար գոնե մի սեփական ծածկ ունենամ»,-ասաց Կորյունը:

 

Երկու տղաների համար սեփական ծածկ ստեղծելու համար Կորյունն արդեն երկրորդ տարին է՝ գնում է արտագնա աշխատանքի:
«Երկրորդ անգամ ա գնում, ձմռանը եկել ա, հիմա նորից գնում ա»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց Վիոլետան:
Երիտասարդ կինն արդեն հարմարվել է իր այդ վիճակին, մտածում է, որ մի քանի տարի առանց ամուսնու կապրի, բայց գոնե վերջում մի սեփական տուն կունենա, թեկուզ՝ թշնամու կրակոցների թիրախում գտնվող Այգեպարում. «Դե՝ ի՞նչ անեմ, էտ ա, ընկել եմ, պիտի քաշեմ, որ չգնա, ապրելու ուրիշ տարբերակ չենք ունենա»:

 

Ամուսնու բացակայության ժամանակ Վիոլետան կրակոցներից պաշտպանվելու և մանկահասակ տղաներին պաշտպանելու իր տարբերակն է մտածել: Երբ կրակոցներ են լինում, բազկաթոռը տան անկյունից հանում են և երեխաներին նստեցնում այդ անկյունում: «Էդպես ավելի անվտանգ ա»,-ասում է նա:

 

Նշենք, որ լրագրողների այցը սահմանամերձ գոտի կազմակերպել էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը՝ Վեհափառ Հայրպետի օրհնությամբ, և հենց այդ օրն էլ Կորյունը պատրաստվում էր մեկնել Ռուսաստան և արդեն հավաքել էր իրերը: