Նախագահի միակ կին թեկնածուն' Նարինե Մկրտչյանը այս պահի դրությամբ դեռ չի գտել ընտրագրավի համար անհրաժեշտ 8 միլիոն դրամը: ԳԱԼԱ-ի հետ զրույցում նա ասաց, որ կսպասի մինչև նախատեսված ժամը' 14:00-ն: Այն հարցին' արդյոք այս ընթացքում չի հուսալքվել պայքարից, Նարինե Մկրտչյանը նշեց, որ ամենևին էլ չի հուսալքվել և սպասում է մինչև նախատեսված ժամը առավել մեծ հույսով ու մարտական տրամադրվածությամբ:
Այս ընթացքում թեկնածուների վերաբերյալ բազմաբնույթ հրապարակումներում ինչը ոգևորեց կամ հիասթափեցրեց միակ կին թեկնածուին, հարցին Նարինե Մկրտչյանը պատասխանեց, որ շատ հանգիստ է վերաբերվում անգամ ամենավիրավորական արձագանքներին' համարելով այդ ամենը օրինաչափ:
Անդրադառնալով ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի' ընտրագրավի վերաբերյալ մեկնաբանություններին, որ 8 միլիոն դրամը սահմանված է պատահական մարդկանցից ընտրապայքարը զերծ պահելու և ոչ մրցակցային ընտրություններ ապահովելու նպատակով, Նարինե Մկրտչյանը կարծիք հայտնեց, որ դա հասարակական-քաղաքական քարոզչություն է, իսկ ԸՕ համաձայն, ԿԸՀ նախագահը իրավունք չունի զբաղվելու հասարակական-քարոզչական գործունեությամբ:
«Իրավական, բարոյական, քաղաքական դիտարկումից ելնելով պարոն Մուկուչյանի մեկնաբանությունները համարում եմ անընդունելի»,- ասաց թեկնածուն:
Մելանյա Մելքումյան