Թուրքական մամուլը լայնորեն անդրադարձել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի' Հայաստան կատարած այցին' սեւեռվելով հիմնականում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին Անկարային արած նրա կոչի վրա:

 

Թուրքական մամուլը քիչ ուշադրություն է հատկացրել Երեւանում Ֆրանսիայի եւ Հայաստանի նախագահների մասնակցությամբ անցկացված հայ-ֆրանսիական տնտեսական ֆորումի եւ Հայաստան-Ֆրանսիա տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարների վրա: Թուրքական մամուլն ավելի շատ լուսաբանել է Ցեղասպանության զոհերի հուշահամալիր Օլանդի կատարած այցը եւ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին Թուրքիային նրա արած կոչը:

 

Թուրքական մամուլը Օլանդի Հայաստան այցի հետ կապված հաղորդագրությունները հիմնականում վերնագրել է «Օլանդի կոչը Թուրքիային. Հայոց ցեղասպանության ճանաչումը չի բաժանի, կմիավորի», «Օլանդից կոչ Թուրքիային' ճանաչել ցեղասպանությունը», «Երեւանից ուղերձ է հղել Թուրքիային», «Ֆրանսիայի նախագահից Թուրքիային ուղղված ցնցող կոչ», «Երեւանից դիմել է Թուրքիային» ձեւակերպումներով եւ բերել հուշահամալիրում արված լուսանկարներ:

 

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Հայոց ցեղասպանության թանգարան այցից հետո Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

 

Թուրքական մամուլը մեջբերել է Հայոց ցեղասպանության ժխտումը դատապարտող օրենքի հետ կապված Ֆրանսիայի նախագահի հետեւյալ խոսքը. «Ժխտողականության դեմ ոչ մի դուռ բաց չի կարող լինել: Աշխարհի ամեն կողմում ցեղասպանության ճանաչման գործընթացներ են տեղի ունենում: Ճանաչումը ոչ թե կբաժանի, այլ կմիավորի»: