Եվրասիական տնտեսական միության շրջանակում նախատեսվում է կրթական փաստաթղթերի ստորագրում, որովհետև ընդհանուր տնտեսական շուկան ենթադրում է ընդհանուր աշխատաշուկա, ինչն իր հերթին ենթադրում է ընդհանուր կրթական տարածք: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
«Այս տեսակետից պետք է շեշտեմ, որ և′ Ռուսաստանը, և′ Ղազախստանը, և′ Հայաստանը Բոլոնիայի եվրոպական կրթական տարածքի անդամներ են, իսկ Բելառուսը մի քանի անգամ փորձել է դառնալ այդ տարածքի մաս: Եվրասիական տնտեսական միության կողմից նախատեսվող փաստաթուղթը այս փուլում միտված է լինելու փաստաթղթերի փոխադարձ ճանաչման դյուրացմանը' այսինքն' ատեստատների, դիպլոմների, այլ կրթական վկայականների ճանաչման դյուրացմանն անդամ երկրների միջև: Այն, ինչ մենք ունենք եվրոպական կրթական տարածքում, ավելի անմիջական կարող է օգտագործվել Մաքսային միության երկր ների համար: Իհարկե, Հայաստանը պատրաստվում է առանձին նախաձեռնություններով հանդես գալ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում' հաշվի առնելով մեր կուտակած եվրոպական փորձը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ նշեց Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Աշոտյանի համոզմամբ, եվրոպական քաղաքական վերնախավը հասկացել է, որ հակադրությունների ճանապարհով, այդ թվում Ռուսաստանի հետ, հնարավոր չէ կառուցել բարգավաճ և խաղաղ եվրոպական տարածք: «Ցավում եմ, որ այդ ամենը հասկանալու համար պետք էր անցնել Ուկրաինայի դժբախտությունների շարանով»,-եզրափակեց ԿԳ նախարարը: