1783 թ. Օսմանյան կայսրության' Ղրիմը Ռուսաստանին զիջելը շրջադարձային պահ էր երկու քաղաքակրթությունների պատմության մեջ: Օսմանցիների համար դա առաջին դեպքն էր, երբ նրանք իրենց հողն անվերադարձ տվեցին քրիստոնյա տերության, տվյալ դեպքում Եկատերինա Մեծի Ռուսաստանին, որն ինչպես նախագահ Վլադիմիր Պուտինի Ռուսաստանը, խառնվել էր մեծապես մուսուլմաններով բնակեցված տարածքի քաղաքացիական պատերազմին ու բռնակցել թերակզին: Ռուսաների համար դա դարձավ համաշխարհային տերություն դառնալու գործընթացի սկիզբը. Սեւ ծովը Ռուսաստանին կապում էր Արեւմուտքի հետ:
1783 թ.-ից Մոսկվան (այդպես է գրված տեքստի մեջ- ծան.թարգ.) օգտագործում էր իր ծովային հզորությունը' օսմաններին հանգիստ չտալու համար: Այն գրավում էր նոր տարածքներ' վատ չզգալով արյուն թափելուց ու ավերածություններից: Շուտով այն իր գործունեությունը Սեւ ծովից տեղափոխեց Էգեյան եւ Միջերկրական ծովեր: Սրանից հետո արդեն եվրոպական տերությունները շտապեցին կանգնեցնել Ռուսաստանի երթը դեպի Բոսֆոր եւ Դարդանել: Սա հանգեցրեց Ղրիմում հերթական'այսպես կոչված ղրիմյան 1853-56 թթ. պատերազմին: Դա արդյունքն էր բրիտանացիների ու ֆրանսիացիների ցանկությանը' խանգարել ռուսներին' ի վնաս Օսմանյան կայսրության (որը ձգտում էր տարածաշրջանում ազդեցություն պահպանել) Սեւ ծովում ամբողջապես իշխանություն հասնելուն: Իրականում դա ոչ թե տեղական բախում էր, այլ հետագա համաշխարհային պատերազմների նախերգանքը:
Պաշտոնապես Ռուսաստանն այդ պատերազմը տանուլ տվեց, իսկ օսմանցիները հաղթեցին: Իրականում օսմանցիների փոխարեն այդ պատերազմում հաղթեցին ֆրանսիացիներն ու բրիտանացիները: Միեւնույն ժամանակ, Օսմանյան Կայսրության իշխանությունները սխալ հասկացան տեղի ունեցածը, զգացին իրենց գերակայությունն ու ծուլության մատնվեցին: Այդ ժամանակ ռուսներն օգտագործեցին իրենց ղրիմյան պարտությունն ու անցկացրին մի շարք բարեփոխումներ, որոնք թեեւ չկանխեցին ցարիզմի անկումը, բայց դանդաղեցրին ռուսական վարչակարգի քայքայումը' օսմանյանի հետ համեմատած: Այսպիսով, 19-րդ դարի վերջում Ռուսաստանը պատրաստ էր Կովկասում, Բալկաններում եւ Սեւ ծովում Օսմանյան կայսրության դեմ նոր գերակայությունների:
Բնականաբար, Ղրիմի վրա Ռուսաստանի վերահսկողությունը երբեք չի խանգարել Թուրքիային'իրեն թերակղզու հետ կապված զգալ: Կամաց-կամաց այս շրջանը մուսուլման մտավորականների համար դարձավ Փարիզի նման մի բան: Այստեղից են թուրքական ժամանակակից ազգայնականության մի շարք հիմնադիրներ, այդ թվում' Յուսուֆ Աքչուրն ու Իսմայիլ Գասպրինսկին: Ընդհանուր առմաբ, Ղրիմի նշանակությունը Թուրքիայի համար չի սաhմանափակվում մշակութային ասպեկտով: Իր «Փլուզվող կայսրություններ» գրքում Պրինստոնի դոցենտ Մայքլ Ռեյնոլդսը գրում է, որ Ղրիմը նաեւ շատ կարեւոր էր թուրքական հետախուզության համար, որը հավատում էր, որ եթե հաջողվի Ուկրաինան առանձնացնել Ռուսաստանից, Ռուսատանը կմարի, եւ օսմանները կկարողանան վերադարձնել իրենց գերակայությունը Սեւ ծովում:
Ըստ հետախույզների, Ղրիմում մուսուլմաններին դժգոհության մղելը լավագույն ռազմավարությունը կլիներ օսմանների համար: Այսպիսով, միգուցե, զարմանալի չէ, որ 1914-ին օսմանները ներգրավվեցին Առաջին աշխարհամարտի մեջ' սկսելով ռմբակոծել Սեւաստոպոլը, Ռուսաստանի ղրիմյան նավահանգսիտը, որը դարձել էր ռուսական նվաճողականության խորհրդանիշը: Գործողությունը հաջող ընթացավ եւ պատերազմի ժամանակ կաթվածահար արեց ռուսական Սեւծովյան նավատորմի գործողությունները: Բայց օսմանների համար կրկին հաղթանակ ապահովեց օտար տերությունը: Կայսրությանը չէին բավականացնում սեփական ռազմածովային տեխնոլոգիաները, եւ նավահանգստի վրա հարձակման համար այն օգտագործում էր գերմանական Goeben եւ Breslau նավերը: Երբ ռմբակործությունից հետո Ռուսաստանի դեսպանը լքում էր Ստամբուլը, նա նշեց, որ օսմանները կարող են հաղթել ճակատամարտը, բայց տանուլ կտան պատերազմն ընդհանրապես: «Եթե գերմանացիները հաղթեն, Օսմանյան կայսրությունը կդառնա դրա գաղութը, իսկ եթե հաղթեն բրիտանացիները, այն կփլուզվի»:
Պատերազմից հետո Ստամբուլ վերադառնալով' նա ասում էր, որ այդ քաղաքը միանգամայն կարող էր ռուսական դառնալ: Իսկապես, Ռուսաստանը Թուրքիայում ավելի առաջ շարժվեց, քան կարծում էին շատ թուրքեր: Բայց 1917-ի բոլշեւիկյան հեղափոխությունը, որն ստիպեց ցարին հետ կանչել իր բանակն Արեւելյան Անատոլիայից, անսպասելիորեն փրկեց Օսմանյան կայսրությունը ռուսների հարվածից:
Պատերազմից հետո ռուս-թուրքական հարաբերություններում վրա հասավ ջերմության հազվադեպ շրջան: Նոր ստեղծված Խորհրդային Միությունը դեռեւս թույլ էր հեղափոխությունից հետո եւ չէր կարողանում տիրություն անել Սեւ ծովում: Այդ պատճառով էլ ցարիզմի նվաճողական ռազմավարության փոխարեն այն նախընտրեց համագործակցության ռազմավարությունը: Այդ ժամանակ Օսմանյան կայսրությունում եւս փոփոխություններ էին տեղի ունենում:
Կայսրությանը փոխարինելու էր գալիս թուրքական հանրապետությունը' Մուստաֆա Քեմալի գլխավորությամբ: Ոմանք անգամ կարծում են, որ Լենինի ու Աթաթուրքի ժամանակաշրջանները միակն էին պատմության մեջ, որ համագործակցություն է եղել Թուրքիայի ու Ռուսաստանի միջեւ: Երկու նախկին կայսրությունների հայտնի ղեկավարներն այդ ժամանակ ընդգծում էին իրենց հակասությունն Արեւմուտքին եւ այդ ֆոնին Ղրիմի հարցը կորցնում էր իր կարեւորությունը:
Սակայն շուտով երկու երկրների միջեւ հարաբերությունները սառեցին: Իոսիֆ Ստալինի գլխավորությամբ Ռուսաստանը Երկրորդ համաշխարհային պատերազմից դուրս եկավ որպես Եվրասիական ավազանի միանձնյա առաջատար: Ստալինը պնդում էր, որ Խորհրդային Միությանը վերադարձվեն Արդահանը, Արդվինն ու Կարսը, որոնք գտնվում են հյուսիս-արեւելյան Անատոլիայում, եւ հատուկ կարգավիճակ էր պահանջում Բոսֆորի նեղուցով անցնող խորհրդային նավերի համար:
Ստալինը բազմաթիվ անգամներ վիճարկում էր 1936-ի Մոնտրեի կոնվենցիան նեղուցների մասին, որն ավելի քան տասը տարի կարգավորում էր նավագնացությունը Բոսֆորում եւ Դարդանելում: Ըստ Ստալինի, այն չէր համապատասխանում հետպատերազմյան իրադրությանը, որտեղ նոր Ռուսաստանը չպետք է ենթարկվեր թուրքական կառավարության քմահաճույքներին: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ անցկացվող Յալթային կոնֆերանսի վերաբերյալ բրիտանական փաստաթղթերում նշված է, որ Ստալինը հարցրել է Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլին. «Ի՞նչ կաներ Բրիտանիան, եթե Իսպանիան կամ Եգիպտոսն իրավունք ստանային փակելու Սուեզի ջրանցքը, կամ ի՞նչ կասեին Ամերիկայի Միացյալ Նահանգները, եթե ինչ-որ հարավ-ամերիկյան պետություններ իրավունք ունենային փակելու Պանամայի ջրանցքը» (1956 թ. Էնտոնի Իդենի կառավարությունը տվեց այս հարցի պատասխանը, երբ Բրիտանիան Ֆրանսիայի ու Իսրայելի օգնությամբ ուժով փորձում էր վերահսկողությունը վերականգնել Ասուանի ջրամբարի նկատմամբ, երբ Եգիպտոսի նախագահ Համալ Նասերն արեց այն, ինչ ասում էր Ստալինը, այսինքն, փակեց Սուեզի ջրանցքը):
Հենց այդ ժամանակ Թուրքիան, որ Աթաթուրքի ժամանակ փորձում էր հետեւել համագործակցության ու չմիացման ռազմավարությանը, ստիպված էր փոխել ուղղությունը: Այն այլեւս չէր կարող դիմանալ վերածնված Ռուսաստանի ճնշմանն ու արդյունքում 1952-ին միացավ ՆԱՏՕ-ին:
Երբ Խորհրդային Միությունը վերջապես փլուզվեց, Սեւծովյան տարածաշրջանը համընդհանրացվեց: Այնտեղ առաջացան այնպիսի միջազգային կառույցներ, ինչպիսին է Սեւծովյան Տնտեսական Համագործակցության Կազմակերպությունը: Տարածաշրջանային կապերի համակարգը կարողացավ դիմակայել նոր պոտենցիալ ճգնաժամերին: Թուրքիան հենվում էր Սեւ ծովում իր կայունացնող դերի վրա, իսկ Ռուսաստանը' տարածաշրջանը բնական գազով ապահովելու իր կարողության վրա: Քանզի թվում էր, թե իրավիճակն այստեղ հարաբերականորեն հանգիստ էր, Թուրքիայում թե´ գիտնականները, թե´ հասարակությունը դրան համեմատաբար քիչ ուշադրություն էին դարձնում, դրա փոխարեն կենտրոնանալով Մերձավոր Արեւելքում Թուրքիայի դերի եւ դրա եվրոպական հեռանկաների վրա: Միգուցե, հենց այդտեղ էլ նրանք սխալվում էին:
Կրկին դեժավյու
Մարտին, երբ Ռուսաստանը զավթեց Ղրիմը եւ հայտարարեց դրա «աշխարհառազմավարական ներուժն ամբողջությամբ օգտագործելու» իր մտադրության մասին ու շարունակեց Սեւծովյան նավատորմի զարգացումը, ինչը կարեւոր խնդիր էր համարվում «Ուկրաինայի հետ մի շարք համաձայնություններ չեղյալ հայտարարելու եւ Ղրիմի թերակղզին Ռուսաստանին միացնելու տեսանկյունից», ամեն ինչ փոխվեց: Ամբողջ պատմության ընթացքում երկրորդ անգամ հաստատված խաղաղությունն ու կայությունը հանկարծ կրկին իրենց տեղը զիջեցին ռուսական նվաճողականությանը:
Որոշ փորձագետներ կարծում են որ Ղրիմի վրա հարձակումը Պուտինի վերջին հուսահատ քայլն էր' պահպանելու իր անկայուն վարչակարգը: Իսկ ահա ըստ թուրքական տեսանկյունի, Ռուսաստանի ներխուժումը Ղրիմ համապատասխանում է արդեն 340 տարի պահպանվող համակարգին: Նախ, ըստ ռազմական պատմաբանների, Ռուսաստանն ընդլայնում է իր տարածքներն այն դեպքում, երբ իր հարեւանները թույլ են եւ չեն կարող պատասխան տալ: Երկրորդ, Սեւ ծովում գերակայություն սահմանելը որպես կանոն նախազգուշացնող կրակոցի դեր է խաղում: Այն նախորդում է գալիք ներխուժումները: Երրորդ, Սեւծովյան գերակայությունն անխուսափելիորեն պահանջում է վերանայել դիրքորոշումը Բոսֆորի կարգավիճակի մասին, քանի որ ռուսական պարեկություն անող նավերը միայն դրա միջով կարող են հասնել Միջերկրական ծով: Բնականաբար, արեւմտյան տերությունները ռուսական ցանկացած ներկայություն Միջերկրական ծովում դիտարկում են որպես վտանգ: Հետեւաբար, Ռուսաստանը չի կարող ամրանալ Սեւ ծովում' առանց մյուս մեծ տերությունների հետ հակամարտության պատրաստվելու (պարտադիր չէ ռազմական եւ պարտադիր չէ' շատ շուտով):
Ուկրաինայում ռուսական շատ գործողություններ համապատասխանում են այդ պատմական սխեմային: Արեւմտյան երկրների պատասխան արձագանքը թույլ ու չհամաձայնեցված է երեւում: Շատերի կարծիքով Սիրիայի պատերազմը ցույց տվեց Ռուսաստանին, որ ռուսական գոտուն մոտ տարածքներում իրադարձությունների վրա ազդելու ԱՄՆ-ի հնարավորությունները սահմանափակ են: Միեւնույն ժամանակ այժմ գրեթե բոլոր առաջատար արեւմտյան երկրները կրճատում են պաշտպանական ծախսերը: Հնարավոր է, որ Ռուսաստանը նույնպես թույլ է, սակայն դրա անմիջական հարեւաններն առավել թույլ են, իսկ Արեւմուտքն ի վիճակի չէ դրանց պաշտպանել:
Թուրքիան նաեւ ծայրահեղ խոցելի է Սեւ ծովում: 2013-ի օգոստոսի սկզբին Թուրքիայի իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցությունը (ԱԶԿ) կասեցրեց Թուրքիայի ազգային նավային տասնամյա նախագիծը, մի ծրագիր, որն ուղղված էր նավատորմի մոդերնիզացմանն ու նախատեսում էր «ստելս» տեխնոլոգիայով կորվետների կառուցում: Այս կասեցումը կապված էր ոչ այնքան հենց նախագծի, որքան ԱԶԿ-ի եւ ծրագիրը ֆինանսավորող Koc ընկերության միջեւ եղած խնդիրների հետ: 2013-ի սեպտեմբերին Թուրքիան ճակատագրական որոշում ընդունեց նախապատվությունը տալ չինական Raytheon եւ Lockheed Martin-ի HQ-9 T-LORAMIDS զենիթահրթիռային համակարգերին Patriot, ռուսական C-300-ի եւ իտալա-ֆրանսիական SAMP/T Aster 30 համակարգերի փոխարեն:
Առանց MILGEM ծրագրի, փոխարենը էժան եւ ոչ վստահելի հակաօդային պաշտպանությամբ Թուրքիան ռուսական նվաճողականությանը դիմակայելու վստահելի պլաններ չունի:
Նյու-յորքյան համալսարանի պրոֆեսոր Մարկ Գալեոտտին համոզված է, որ Սեւ ծովում ռուսական ներուժն առաջվա պես համեմատաբար շատ մեծ չէ եւ ՆԱՏՕ-ի հետ լայնամասշտաբ առճակատման համար ոչ պիտանի: Սակայն ավելի շուտ Ռուսաստանը հույս ունի, որ ՆԱՏՕ-ն չի խառնվի: Ռուսները չեն մոռացել 1853-ի ղրիմյան պատերազմը եւ հիանալի կերպով հասկանում են, որ իրենք պետք է կանգ առնեն' Արեւմուտքի կողմից լուրջ պատասխան չստանալու համար: Սակայն եթե անգամ Մոսկվան զգուշորեն գործի, միեւնույնն է, Ռուսաստանի գործողությունները Սեւ ծովում անխուսափելիորեն կբարդացնեն Թուրքիայի կյանքը:
Օրինակ, Ռուսաստանը վստահ է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ալ Ասադը վերջին հաշվով կհաղթի քաղաքացիական պատերազմում եւ ի երախտագիտություն ռուսական աջակցության թույլ կտա Ռուսաստանի օգտագործել Տարտուսի նավատորմային բազան երկար ժամանակով: Եթե Սեւաստոպոլի եւ Տարտուսի վերահսկողությունը Ռուսաստանի համար ելք ապահովի դեպի Փոքր Ասիայի երկու կողերի տաք ջրերը, ապա Թուրքիան փաստորեն կշրջափակվի ռուսական նավատորմով:
Սրա հետ կապված կարող են տուժել տարածաշրջանում բացառապես տնտեսական գոտիներ ստեղծելու եւ թուրքական ծողախորշում նավթի ու գազի հետախուզման ծրագրերը: Ռուսաստանը կարող է սկսել վիճարկել Բոսֆորի իրավական կարգավիճակը, Ստալինից հետո ապացուցելով, որ Մոնտրեի կոնվենցիան պետք է նորացնել ու Ռուսաստանին անսահմանափակ ելք ապահովել դեպի ջրային տարածք: Ռուսական նավատորմն արդեն ապացուցել է, որ նման վեճերում կարող է ճնշման միջոց հանդիսանալ: Հիշեցնենք նաեւ, որ երբ Իսրայելն ու Կիպրոսն ակտիվորեն զբաղվում էին Արեւելյան Միջերկրականում գազի հանքերի հետախուզմամբ, Ռուսաստանը Կիպրոսին հիշեցրեց կիրպական բանկերի վրա ունեցած իր վերահսկողության մասին (ճիշտ է, Իսրայելի հետ այն առավել զգույշ վարվեց):
ԱՄՆ-ի հետ Ռուսաստանն առավել կոշտ է խաղում: Թուրքիայի սեւծովյան ափերում Exxon-ի եւ Chevron-ի անկացրած գազի հանքավայրի հետախուզությունը Ռուսաստանը համարեց արեւմտյան իմպերիալիզմի դրսեւորում: Ղրիմի ներխուժումը պարզ ցույց տվեց Ռուսաստանի վերաբերմունքը նմանատիպ գործունեության հանդեպ: Exxon-ի, Chevron-ի եւ Shell-ի գործողությունները Սեւ ծովում հայտնվեցին իրավական անորոշության մեջ: Ղրիմի բռնակցումից առաջ այդ երեք ընկերությունները համաձայնագիր էին ստորագրել ուկրաինական ափերում ածխաջրածինների հետախուզման եւ շահագործման վերաբերյալ, իսկ այժմ ռուսական ուժեղացող նավատորմի ներկայությունը Սեւ ծովում այս ծրագրերը կասկածի տակ է դնում:
Բացի այդ, շրջափակելով Փոքր Ասիան, Պուտինը մարտահրավեր է նետում «Հարավային գազային միջանցքի» եվրոպական ռազմավարությանը, ինչպես նաեւ Տրանսանատոլիական գազատարի ծրագրին, որը նախատեսված է ադրբեջանական գազը Ռուսաստանը շրջանցելով Եվրոպա հասցնելու համար: Կատարվածին հանդեպ ռուսական վերաբերմունքը կարելի է հասկանալ ըստ Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի հայտարարության, ով ասել է, թե Ռուսաստանը պետք է «որքան հնարավոր է' արագ» ստանա Ֆրանսիայից մինչեւ Ղրիմի պատմությունը ձեռք բերած ունիվերսալ դեսանտային «Մինստրալ» նավերը, հակառակ դեպքում Ֆրանսիան պետք է վերադարձնի 1.2 միլիարդ եվրո գումարը: Եթե Ռուսաստանը ստանա «Մինստրալ»-ը, որոնցից յուրաքանչյուրն ի զորու է տանել 16 ուղղաթիռ, 70 զրահամեքենա եւ 450 զինվոր, ապա դա թույլ կտա իրականացնել ոչ մեծ ներխուժում դեպի Սեւծովյան ափամերձ պետություններ, ինչը կարող է կացնահարել եվրոպական «Հարավային գազային միջանցք»-ի ռազմավարությունը:
Այս ամենը ոչ միայն թվում է, թե վատ լուր է, այլ իրականում էլ շատ վատ նորություն է: Եւ եթե մի բան էլ հույս է տալիս, ապա դա այն փաստն է, որ Ստալինի ժամանակ ռուսական նվաճողականությունը Թուրքիային դարձրել է ՆԱՏՕ-ի վստահելի դաշնակից: Միգուցե Ղրիմի ներխուժումը հիշեցնի Թուրքիային, որը վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի օրոք սկսել է երե թեքել Արեւմուտքից, թե ինչն է ժամանակին պատճառ դարձել դաշինքին միանալու համար: Պարզ ասած, ո´չ Օսմանյան կայսրությունը, ո´չ էլ ժամանակից Թուրքիան չկարողացան եւ չեն կարող ինքնուրույն ո´չ կանխել ռուսական նվաճողականությունը, ո´չ էլ դիմակայել դրան: Երբ Թուրքիան սկսի զիջել ռուսական պահանջներին, Ռուսաստանը միայն ավելի ինքնավստահ կդառնա:
1689 թ.-ից սկսած դաշնակիցների հետ համագործակցությունը Թուրքիայի համար դիմակայելու միակ իրական հնարավորությունն է: Սակայն դրա համար այն պետք է Արեւմուտքին ցույց տա իր վստահելի աջակցությունը: Ամեն անգամ, երբ կողմերը միավորում են ուժերը, Արեւմուտքը ցույց է տալիս, որ վճռական է տրամադրված: Հիմա պարզ չէ, թե արդյո՞ք ՆԱՏՕ-ն պատրաստ է խառնվել Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին: Կախված նրանից, թե որքան կլինի այդ պատրաստակամությունը եւ Ռուսաստանին զսպելու ձգտումը, Թուրքիան կա´մ կմիանա զսպման փորձերին, կա´մ էլ կտապալվի ռուսական ճնշման տակ:
Աքին Ունվեր