Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը դեմ է «Զինապարտության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին, որով արտերկրում կրթություն ստանալ ցանկացող արական սեռի ներկայացուցիչներին պարտադիր զինծառայությունից տարկետման իրավունք կարող է տրվել միայն կառավարության համապատասխան որոշմամբ:

 

Օրինագծի քննարկման ընթացքում ՀՀԿ պատգամավորը նշեց, որ Հայաստանի համար ուսանողի կրթության սահմանափակումը չի կարող արդարացված լինել: «Ինձ համար անընդունելի է այն փիլիսոփայությունը, որ զորակոչի արդյունավետության բարձրացումը պետք է իրականացնել կրթության հնարավորությունները սահմանափակելու հաշվին: Եթե մենք ունենք զորակոչի հետ կապված խնդիրներ, եկեք այնպես անենք, որ հարուստ մարդկանց երեխաները գնան ծառայեն, այլ ոչ թե մարդկանց զրկենք կրթություն ստանալու իրավունքից»,- ասաց Ֆարմանյանը:

 

Նրա համոզմամբ՝ կառավարության կողմից առաջարկվող մեխանիզմն արդյունավետ չէ, քանի որ կառավարությունը կարգ կսահմանի, որով ոչ բոլորը հնարավորություն կստանան դրսում կրթություն ստանալ, իսկ այն մարդիկ, ովքեր իրականում ցանկանում են խուսափել զինծառայությունից, այսպես թե այնպես կգնան երկրից ավելի բարդ ճանապարհներով և չեն վերադառնա: «Այնպես որ, ես կարծում եմ, որ սա չի կարելի արդյունավետ մեխանիզմ համարել: Մենք սրանով միայն սահմանափակում ենք մարդկանց որակյալ կրթություն ստանալու հնարավորությունը»,- ասաց Ֆարմանյանը:

 

Պատգամավորի համար անընդունելի է նաև այն դրույթը, ըստ որի' արտերկրում սովորելու համար կառավարության կողմից տարկետում ստացած երիտասարդները պետք է կառավարության հետ 8.5 միլիոն դրամի չափով գրավի պայմանագիր կնքեն, ինչը խթան կհանդիսանա, որպեսզի նրանք ուսման ավարտից հետո վերադառնան հայրենիք և իրենց գիտելիքներով նպաստեն երկրի զարգացմանը: «Ես էլ եմ ժամանակին դրսում կրթություն ստացել: Այն ժամանակ ես հաստատ 8.5 միլիոն դրամ չունեի, ու վստահ եմ՝ հիմա էլ շատերն այդ գումարը չունեն, և սա էլ իր հերթին խոչընդոտ է, և սահմանափակում է կրթվելու հնարավորությունը: Մենք այս օրենքով կարող ենք նպաստել նրան, որ իսկապես կրթվելու ցանկություն ունեցող շատ մարդիկ կզրկվեն այդ հնարավորությունից: Ես կարծում եմ, որ մենք պետք է այլընտրանքային տարբերակներ մտածենք առկա խնդիրները լուծելու համար»,- եզրափակեց Ֆարմանյանը: