Թուրքիայի Մանիսա նահանգի Սոմա քաղաքի ածխահանքում մայիսի 14-ին տեղի ունեցած աղետի վայր մեկնած վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին տեղի բնակչությունը դիմավորել էր զանգվածային բողոքի ակցիայով: Ցուցարարները պահանջել են Էրդողանի հրաժարականը, նրան «մարդասպան», «գող» անվանել եւ հայտարարել, որ աղետի համար, որի հետեւանքով մեծ թվով հանքափորներ են զոհվել, պատասխանատու է Էրդողանի գլխավորած' իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը:

 

Թուրքական ԶԼՄ-ները լայնորեն լուսաբանել էին Էրդողանի' միջադեպի վայր մեկնելու եւ բողոքի ակցիայի ժամանակ նրա կողմից մի երիտասարդի բռունցքով հարվածելու, նրան ուղեկցող խորհրդականի կողմից էլ մի այլ երիտասարդի ոտքով հարվածելու դեպքերն ու դրանց նկատմամբ հանրության բացասական արձագանքը: Նշվել էր, որ զայրացած ամբոխից վախեցած Էրդողանը մտել է մոտակա խանութ, որպեսզի կարղանա հետո հանգիստ հեռանալ:

 

Թուրքական «Ռադիկալ» թերթին հաջողվել է զրուցել Էրդողանից ապտակ ստացած երիտասարդի հետ, ով պատմել է, թե ինչպես է տեղի ունեցել միջադեպը: «Ես գնումների համար խանութ էի մտել, այդ ժամանակ սկսվեց վարչապետի դեմ բողոքը: Նա խանութ մտնելիս' ես դուրս էի գալիս: Կարծեց, թե ես եւս ակցիայի մասնակից եմ եւ դեմքիս հարվածեց բռունցքով: Հետո թիկնապահները հարձակվեցին ինձ վրա», -պատմել է Էրդողանի կողմից ծեծի ենթարկված Թաներ Քուրուջան:

 

Քուրուջան ասել է, որ ինքը եւս հանքափոր է, եւ չնայած միջադեպից հետո իր թեւի եւ պարանոցի վրա մնացել են հարվածների կապտուկները, ինքը չի ցանկանում բողոքել:

 

Սոմայի ածխահանքում պայթյունի հետեւանքով զոհվածների թիվը, պաշտոնական տվյալներով, հասել 287-ի: Ոչ պաշտոնական տվյալներով շրջանառվում է 350 թիվը: Աղետի պատճառով Թուրքիայում եռօրյա սուգ է հայտարարված: