Հայաստանը ներկայումս երկընտրանքի առջև է կանգնած՝ Արևե՞լք, թե՞ Արևմուտք: Իշխանությունները մինչև վերջերս հավաստում էին, թե աներկբա են, և ՀՀ զարգացումը գնալու է արևմտյան արժեքների ուղիով: Միաժամանակ, Ռուսաստանը պնդում է ԵվրԱզԷՍ-ին և Մաքսային միությանը ՀՀ անդամակցության վրա: Հայաստանի զարգացման վեկտորի քաղաքական և տնտեսական բաղադրիչների վերաբերյալ «Առաջին լրատվական»-ը զրուցեց ԱՄՆ-ում ՀՀ նախկին փոխդեսպան, ՀՀ ԱԳՆ ռազմաքաղաքական վարչության նախկին պետ, վաշինգտոնաբնակ միջազգայնագետ Արմեն Խարազյանի հետ:

- Պարոն Խարազյան, նախկինում կարծիք էիք հայտնել, որ Եվրասիական միության գաղափարը նեոսովետիզմ է, հակասում է Հայաստանի անկախությանը և պետք է մերժվի՝ առանց որևէ սեթևեթանքի: Սակայն ՀՀ իշխանությունները կարծես թե այդ կարծիքին չեն և «համագործակցության հնարավոր տարբերակներ» են փնտրում Մաքսային միության հետ: Միևնույն ժամանակ, Եվրասիական տնտեսական ինտեգրման հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն Հայաստանը համեմատել է ՌԴ էքսկլավի՝ Կալինինգրադի հետ և ասել, որ Մաքսային միությունն էլ կարող է էքսկլավ ունենալ։ Ի՞նչ եք կարծում՝ ո՞ւր կտանեն զարգացումները:

- Զարգացումները կախված են Հայաստանի ղեկավարության, հայկական քաղաքական ուժերի միասնական դիրքորոշումից: Կրկին շեշտեմ՝ սեթևեթելու կարիք չկա, մանևրելու տեղ չէ, Եվրասիական միությունը Եվրամիության հետ համարժեք կառույցներ չեն, Եվրասիական միություն մեզ ստիպում են գնալ, Եվրամիություն մենք ենք ցանկանում գնալ, և հավասարության նշան չի կարելի դնել: Եվրասիական միությունը խորհրդային միության վերականգնման փորձ է և միանշանակ պետք է մերժվի:

- Ինչքան էլ մեր ղեկավարությունը հերքում էր ՀՀ տնտեսական զարգացման վեկտորի շեղումը և պնդում, որ գնում ենք դեպի Եվրոպա, սակայն վերջերս Մոսկվայում Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպման քննարկման բուն նյութի մասին տեղեկություն չտրվեց՝ ինչ է խոսվել, որևէ համաձայնություն ձեռք բերվել է, թե ոչ, մինչդեռ նախքան այցելությունը լուրեր կային փաստաթղթերի ստորագրման հավանականության մասին: Ձեր կարծիքով՝ ՀՀ քաղաքական իշխանության խոսքն ու գործն իրարից տարբերվո՞ւմ են, թե՞ ոչ:

- Հավանաբար, շատերի մոտ այն նկատառումը կա, որ կարելի է մանևրել, ստեղծել ներգրավման պատրանք, և ընթացքը ցույց կտա, թե երբ ՀՀ-ն պատրաստ կլինի որոշում կայացնելու: Հայաստանի ղեկավարությունն այս հարցում, թերևս, կարիք ունի հասարակական լայն աջակցության՝ արտաքին ճնշումներին չենթարկվելու և վճռական կերպով սեփական երկրի շահերը պաշտպանելու նպատակով: Այս հարցում ձգձգելու և մինչև վերջին պահը պատասխանից խուսափելու տրամաբանությունը հասկանալ կարելի է, սակայն ռացիոնալացնել՝ ոչ:

- Ե՞րբ է այդ վերջին պահը, մինչև նախագահական ընտրություննե՞րը:

- Ես չեմ կարծում, որ Եվրասիական միության գաղափարն այն հարցն է, որի կապակցությամբ արժե ձգել, մանևրել կամ հարմար պահ ընտրել՝ ասելու: Սա մի հարց է, որի մասին պետք է հստակ և կոռեկտ հայտնվի ռուսներին՝ Հայաստանն ունի ընտրած ուղի, այն չի հակասում ՀՀ և ՌԴ հարաբերությունների ոգուն, և իր հարաբերությունները ՌԴ հետ բնականոն զարգացման ուղու վրա պահելու համար Հայաստանն այլ քայլերի կարիք չունի: Եվրասիական միության անդամակցության խնդիրը ՀՀ շահերից չի բխում: Այստեղ ՀՀ անկախության խնդիրն է դրված, և ես չեմ կարծում, թե որևէ քաղաքական նպատակ կա, հանուն որի կարելի է այն զիջել:

- Լուրեր կային, որ 2 մլրդ են խոստանում հատկացնել...

- Թեկուզ 10 մլրդ: Մի՞թե անկախությունը փոխարինելի է: ՀՀ ղեկավարությունը, վստահ եմ, պահի լրջությունը գիտակցում է: Թվում է, որ ՀՀ բոլոր քաղաքական ուժերն էլ կցանկանային ունենալ արտահայտվելու ավելի լայն ազատություն, սակայն այստեղ բարդույթ կա՝ շատերը դժվար են պատկերացնում՝ ինչպես Ռուսաստանին ասել «ոչ»: Ցանկալի է, որ ընդդիմությունն ու իշխանություններն այս հարցում կարողանան միասնական, սկզբունքային կեցվածք հանդես բերել՝ որդեգրելով ՀՀ շահերից բխող միասնական դիրքորոշում: Եվրասիական միությունը դեմ է մեր շահերին, և երկրի ապագայի համար ռազմավարական կարևորություն ունեցող այս հարցում Հայաստանը չպետք է առաջնորդվի տակտիկական նկատառումներով:

- Խորհրդային միության նմանակի վտանգը նաև Եվրոպայում են զգում և ազդակներ են ուղարկում Եվրասիական միությունից ետ կանգնելու համար: Եվրոպան ինչքանո՞վ կարող է միջամտել այս հարաբերություններին:

- Այստեղ առաջատար դերը ՀՀ ղեկավարությանն ու հայ հասարակությանն է: Եվրոպան չի կարող Հայաստանից առաջ ընկնել և ՀՀ փոխարեն որոշումներ կայացնել կամ խորհուրդներ տալ: Եվրոպան, ԱՄՆ-ը կամ որևէ այլ ուժ կարող են աջակցել ՀՀ-ին, կամ վերապահ մնալ այս կամ այն հարցում նրան օժանդակելուց, բայց որոշում կայացնելու պատասխանատվությունը մերն է: Պետք չէ սպասել ազդանշանների՝ այդ որոշումները ձևակերպելու և արտահայտելու համար:

- ՀՀ-ԵՄ և ՀՀ-ԱՊՀ առևտրաշրջանառության ծավալները գրեթե համաչափ են՝ 29%, ընդ որում՝ նախորդ տարվա համեմատ, այս տարի առևտրաշրջանառությունն աճել է ԱՊՀ երկրների հետ, իսկ ԵՄ հետ՝ մի քիչ նվազել: Փաստորեն, Հայաստանն ինչքան էլ ձգտում է դեպի ԵՄ, Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերություններն ավելի շա՞տ են զարգանում՝ նաև հաշվի առնելով ՌԴ ներգրավվածությունը մեր տնտեսության մեջ:

- Հայաստանի տնտեսությունը, ցավոք, հայտնվել է ռուսական քաղաքական ու տնտեսական շահերի հիմնավոր վերահսկողության տակ։ ՌԴ-ն այսօր վերահսկում է Հայաստանի ռազմավարական ենթակառուցվածքը, արտադրական հենքը, մի շարք կենսական ոլորտներ: Իրավիճակը սպառնում է Հայաստանի անկախությանն ու ինքնիշխանությանը, և անհրաժեշտ է հասարակական կամք ու պետական պատվախնդրություն, որպեսզի դրա կտրուկ շտկման ուղղությամբ քայլեր ձեռնարկվեն։

Դժվար է նշել այն բոլոր հնարավոր պատճառները, որոնք հանգեցրել են այսօրվա իրավիճակին, սակայն կարծում եմ, որ «գույք պարտքի դիմաց» հայտնի գործարքով սկսված ու հետագայում թափ առած պրակտիկան՝ Ռուսաստանին ՀՀ պարտքի և ռազմավարական մատակարարումների գների սեզոնային զսպման փոխարեն ՀՀ արդյունաբերական ու ենթակառուցվածքային հզորությունների զիջումը, մեծ դեր է խաղացել նման ստորացուցիչ պրակտիկայի ձևավորման, դրան սնող բարոյահոգեբանական մթնոլորտի ու այն զարմանալի հանդուրժողականության համար, որի պայմաններում այս պրակտիկան շարունակվում է։ Այս իրավիճակն արդարացում չունի, և ռացիոնալ բացատրություն դրան տալ չի կարելի։

- Իսկ մինչև ե՞րբ ՀՀ-ն կարող է մանևրել Եվրամիության և Եվրասիական միության միջև:

- Մանևրելու հարցադրումն իսկ անհարիր է: Եվրոպական Միությունն ու Եվրազեսը համարժեք կառույցներ չեն: ԵվրԱզԷս-ը գաղափար է, որի շուրջ այսօր փորձ է արվում ճնշման միջոցով զսպել, թերևս՝ կանխել նախկին խորհրդային պետությունների, այդ թվում՝ Հայաստանի, ինտեգրումը եվրոպական իրավական, քաղաքական, հասարակական ու տնտեսական համակարգում՝ նրանց պահածոյացնելով խորհրդա-ռուսական ուղեծրում։

Եվրամիության հետ այս գաղափարը որևէ կերպ համեմատելի չէ։ Այն նաև վնասակար է Հայաստանի համար, և պետք է մերժվի աներկբայորեն, քանի որ այն չի նպաստում Հայաստանի հզորացմանը, այլ հակառակը՝ տարրալուծում է մինչև իսկ այն, ինչ հնարավոր է եղել ստեղծել ու պահպանել անցած երկու տասնամյակի ընթացքում։

- Բայց ՀՀ իշխանության ներկայացուցիչները, վերջերս էլ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, հայտարարում են, թե կարելի է անդամակցել այդ 2 և տարածաշրջանային ցանկացած այլ կառույցի:

- Եթե նման տեսակետ արտահայտվել է, ապա դա ցավալի է և դատապարտելի, քանի որ այն անտեսում է հարցադրման մեջ պարունակվող ակնհայտ տրամաբանական ու քաղաքական հակասությունները։ Չկա այսպես կոչված Եվրազեսին անդամակցելու որևէ այլ պատճառ, քան մեր ժողովրդի մեջ զարմանալիորեն տարածված վախախառն ակնածանքը ռուսական պետության նկատմամբ, որը, երբեմն զուգակցվելով խորհրդային կարոտաբաղձության պոռթկումներով, բերում է ահա այնպիսի անհեթեթ պատրանքների, ինչպիսին Ռուսաստանի հետ «մանևրելով» իրավիճակից դուրս գալու համոզմունքն է, կամ էլ ինքներս մեզ համոզելը, թե ԵՄ-ն ու Եվրազեսը համատեղելի բաներ են։

- Ի՞նչ եք կարծում, ԵՄ-ն ֆինանսական աջակցությունը կավելացնի՞ ՀՀ-ին՝ Եվրասիական միությանն անդամակցությունից ետ պահելու համար:

- Կարծում եմ՝ Հայաստանն ինքն իրեն պետք է ձգտի ետ պահել Եվրասիական միություն գնալուց և չմանևրի՝ ակնկալելով, որ ինչ-որ մեկը իր ձեռքը կբռնի և հետ կպահի: Սա մեր պատասխանատվության խնդիրն է, մեր փոխարեն դա ոչ ոք չի անելու:

- ԱՄՆ-ն ինչքանո՞վ այստեղ դեր ունի և ԱՄՆ-ՀՀ տնտեսական հարաբերությունների ներուժն ինչպիսի՞ն է:

- ԱՄՆ-Հայաստանի տնտեսական հարաբերությունների ներուժը մեծ է, սակայն այն դեռևս չի իմաստավորվել և պատշաճ կերպով չի կենսագործվել։ Հայաստանում ամերիկյան տնտեսական որևէ լուրջ ներկայություն չկա, սակայն դրա պատճառն այն է, որ Հայաստանն ինքը շահագրգռություն հանդես չի բերել այդ ուղղությամբ։ Կարծում եմ, որ լուրջ ներուժ կա միջուկային էներգետիկայի, տիեզերական պլատֆորմների, օրինակ՝ տիեզերական կապի միջոցների զարգացման, ինչպես նաև քաղաքացիական ավիացիայի ու գիտելիքահեն, արդիական տեխնոլոգիական բնույթի մի շարք այլ ոլորտների ուղղությամբ։ Հայաստանը պետք է այս ուղղությամբ կոնկրետ աշխատանք տանի, միաժամանակ ապահովելով համապատասխան օրենսդրական, իրավա-կարգավորիչ դաշտի ձևավորումն ու համապատասխան պրակտիկայի արմատավորումը։

- Վարչապետի ԱՄՆ այցից հետո կարճ հաղորդագրություն տարածվեց, որում նշվում էր նաև Հազարամյակի մարտահրավերների վերսկսման մասին: Ձեր կարծիքով՝ այդ ծրագրի վերականգնումը նշանակում է ՀՀ-ում ժողովրդավարության ամրապնդո՞ւմ, տնտեսական կապերը խորացնելո՞ւ քայլ, թե՞ պարզապես ամերիկյան աջակցություն ՀՀ-ին:

- Վստահ չեմ, թե վերականգնվել է այդ ծրագրին Հայաստանի մասնակցությունը, թեև վարչապետը, ամենայն հավանականությամբ քննարկել է այդ հնարավորությունը։ Ծրագրի վերաբացումը Հայաստանին իհարկե օգտակար կլինի։ Դրա ներքո անցյալում հաջողությամբ իրականացվել են ենթակառուցվածքային զարգացման մի շարք ծրագրեր, և լավ կլինի, որ Հայաստանն ապագայում էլ կարողանա օգտվել նման հնարավորությունից։

Այսուհանդերձ, ինձ մտահոգում է այն, որ անկախության 21-րդ տարում ևս Հայաստանի տնտեսությունը շարունակում է կախված մնալ արտաքին օժանդակությունից։ Սա լուրջ խնդիր է, որը հարվածում է մեր երկրի հեղինակությանն ու վարկանիշին՝ թե՛ մեր, թե՛ միջազգային հանրության աչքում։ Հայաստանը պետք է կարողանա ձերբազատվել այդ պրակտիկայից ու լրջորեն զբաղվի երկրի տնտեսության զարգացմամբ՝ այնպես, որ արդիականացման, արտադրողականության ու արդյունավետության շեշտակի աճի շնորհիվ երկիրը կարողանա անցնել շահութաբերության ուղեծիր և իր բյուջեն կազմի ոչ թե արտաքին նվիրատվությունների ու հատկացումների, այլ սեփական տնտեսությունից եկող հարկային եկամուտների հաշվին։