Հայ քաղաքական դաշտը լուրջ վերադասավորումների և վայրիվերումների ժամանակաշրջան է ապրում: ՀՀԿ-ն քաղաքական դաշտ է նետել իր ծանր հրետանին, իր բյուրեղյա ռեսուրսը, ռազմաստրատեգիական հենարանը: Իհարկե, խոսքը ՀՀԿ-ի տատիի մասին է, ով կառավարության շենքի առջև պարզել է բանեռային տպագրության արդյունք հանդիսացող, «Արթարումյան հարված» տառաձևով տպագրված պաստառ, որտեղ Նիկոլ Փաշինյանին կոչ է անում հեռանալ քաղաքական դաշտից:

 

Անցել են այն ժամանակները, երբ ՀՀԿ-ի քաղաքական արբանյակները ընդվզում են անեծքներով, գոռում - գոչյուններով, ձեռագիր խզբզված պաստառներով: Ժամանակը թելադրում է իր պահանջները, և տատին չէր կարող չհամակերպվել նոր իրողությունների հետ:

 

Իսկապես տեսանելի առաջընթաց է, որ տատին սկսել է իր բողոքը արտահայտել ժամանակակից տպագրական միջոցների վերջին խոսքով: ՀՀԿ-ն հասկացել է վերջապես, որ «հալելույան» քաղաքական կատեգորիա չէ և իր գլխավոր քաղաքական դաշնակցին սկսել է զինել գերժամանակակից քարոզչամիջոցներով: Առաջիկայում, վստահաբար, տատին կունենա իր պաշտոնական կայքը, մասնաբաժին որևէ հեռուստաընկերությունում և մամուլի խոսնակ: Ծայրահեղ դեպքում, իհարկե, նա կարող է գործուղվել ընդդիմադիր դաշտ: Վերջին սոցիոլոգիական հետազոտությունները ցույց են տալիս, որ նրա և ՕԵԿ-ի վարկանիշը գրեթե հավասար են:

 

Բողոքի այս հուժկու հարվածից հետո Նիկոլ Փաշինյանի գտնվելու վայրի և հոգեկան վիճակի մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Կարծում եմ՝ կանցնի ընդհատակ և կգրի «Երկրի հակառակ կողմը» վեպի երկրորդ հատորը: Նա ակնհայտորեն պատրաստ չէր այսպիսի դավադիր հարվածի:

 

Ահա այսպիսի ներիշխանական ինտրիգներ: Իսկ դուք ասում էիք, որ ՀՀԿ-ն լուրջ քաղաքական ռեսուրսների չի տիրապետում: Մինչդեռ քաղաքական դաշտը այսպիսի անսպասելի հարվածներ է ստանում Մելիք-Ադամյան փողոցից:

 

Վարուժան Բաբաջանյան