Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել է, թե ծիծաղելի է համարում ԱՄՆ-ին վնասելու համար Apple ընկերության արտադրանքից հրաժարվելը:

 

«Ի՞նչ կապ ունեն Ամերիկայի հետ մեր այսօրվա վեճերն ու այֆոնը: Այդ դեպքում եկեք հրաժարվենք ներմուծվող բոլոր իրերից, եւ ի՞նչ կունենանք: Հյուսիսային Կորե՞ա: Դա մեր ճանապարհը չէ»,- հայտարարել է Մեդվեդեւը՝ պատասխանելով «Կոմսոմոլսկայա պռավդա»-ի լրագրողների այն հարցին, թե նա չի պատրաստվում արդյոք երկու երկրների միջեւ հարաբերությունների սրվելու կապակցությամբ հրաժարվել ամերիկյան գաջեթներից:

 

«Ընդհակառակը, ես այն կարծիքին եմ, որ ոչ մենք, ոչ ամերիկացիները, ոչ Էլ եվրոպացիները չպետք է որեւէ բանից հրաժարվենք: Apple-ի արտադրանքից հրաժարվելու օգնությամբ ամերիկացիներին վնասելը ծիծաղելի է»,- հավելել է վարչապետը: Նրա խոսքով` ինքն ունի iPhone-ի եւ iPad-ի հայկական անալոգները: «Հայաստանի գործընկերներն ինձ նվիրել են ArmPhone եւ ArmPad»,- ասել է Մեդվեդեւը՝ հավելելով, որ դրանք իր աշխատասենյակում չեն: