Ուկրաինայի ազգային միասնության՝ թվով երրորդ կլոր սեղանը մայիսի 21-ին բացվել է Նիկոլաևում: Ինչպես և մայիսի 14-ին և 17-ին Կիևում և Խարկովում կայացած կլոր սեղանները, այն ընթանում է Կիևի իշխանությունների կողմից երկրի արևելքում շարունակվող ուժային գործողության պայմաններում:

 

«Կիևում և Խարկովում կայացած կլոր սեղաններից հետո ի հայտ են եկել նոր մտահղացումներ,-բացելով նիստը, նշել է Ուկրաինայի նախկին նախագահ Լեոնիդ Կրավչուկը:-Կան հիմնախնդիրներ, որոնք անհրաժեշտ է քննարկել՝ ինչպես դադարեցնել դիմակայությունը, ինչպես կանգնեցնել արյունահեղությունն ու վախը, ինչպես Ուկրաինան դարձնել միասնական և խաղաղ»:

 

Խորհրդաժողովի աշխատանքին մասնակցում են Ուկրաինայի նախկին նախագահներ Լեոնիդ Կրավչուկը և Լեոնիդ Կուչման, վարչապետի պաշտոնակատար Արսենի Յացենյուկը, խորհրդարանի փոխխոսնակ Ռուսլան Կոշուլինսկին, Ուկրաինայի կառավարության անդամներ, պատգամավորներ, միջազգային կազմակերպությունների, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ, կրոնական կազմակերպությունների և բիզնեսի ներկայացուցիչներ, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: