Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում մեկնարկել է ՀՀԿ 15-րդ համագումարը:

 

Ելույթով հանդես եկավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Վերջինս խոսեց ՀՀ-ում ներքաղաքական իրավիճակի մասին:

 

Սերժ Սարգսյանի կարծիքով՝ Հայաստանում ձևավորվել է քաղաքական ուժերի շատ հետաքրքիր խճանկար, որտեղ դատարկ տեղեր չկան, որն էլ լավ ներկայացված է խորհրդարանում:

 

«Սա լրջագույն ձեռքբերում է մեր որդեգրած ճանապարհին: Իշխող կուսակցությունն ու ընդդիմությունը որքան էլ իրար քննադատեն՝ թշնամիներ չեն, մենք կիսելու հայրենիք չունենք, մենք պետք է իրար լրացնենք, որպեսզի ծաղկեցնենք մեր պետությունը»,- ասաց Սարգսյանը:

 

Վերջինիս խոսքով՝ ընդդիմությունն ու իշխանությունը մարդու աջ և ձախ ձեռքերն են. «Անհրաժեշտ է և′ աջը, և′ ձախը, երկուսն էլ ունեն իրենց գործառույթները»,- ասաց նա:

 

Սերժ Սարգսյանը խոսեց նաև 2017-2018 թվականներին տեղի ունենալիք համապետական ընտրությունների մասին: Նրա խոսքով՝ որոշ ուժեր հիմա արդեն սկսել են պատրաստվել այդ ընտրություններին: «Դիրքավորվում և վերադիրքավորվում են' իրենց թիրախ ունենալով 2017-2018 ընտրությունները, զբաղված են ապագա խորհրդարանական և նախագահական ընտրություններին պատրաստվելով»,- ասաց նախագահը' միաժամանակ նշելով, որ նա դա նորմալ է համարում և նշեց, որ մինչև հաջորդ հանրապետական ընտրություններ դեռ պետք է ապրել: