Ժողովրդագրագետ Ռուբեն Եգանյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով միգրացիայի մասին ՌԴ օրենսդրական փոփոխությանն, ասաց, թե չի կարելի ասել, որ օրենքի տարբերություններն էական են:

 

«Առաջին տարբերությունն այն է, որ եթե նախորդ օրենքի համաձայն 90 օր Ռուսաստանում մնալուց հետո օրինական հիմունքներով միգրանտը պարտավոր է դուրս գալ երկրից, որից հետո կարող է մուտք գործել սահմանափակված ժամանակում, ապա այժմ դա սահմանափակված է»,- նշեց Ռուբեն Եգանյանը:

 

Հաջորդ առանձնահատկությունը, որ կա նոր օրենքում, ըստ ժողովրդագրագետի, այն է, որ եթե միգրանտն օրինական աշխատող է, ունի օրինական աշխատանքային պայմանագիր, ապա կարող է օրինական հիմունքներով Ռուսաստանում մնալ այդ պայմանագրում նախանշված ժամկետի տևողությամբ:

 

Ռուբեն Եգանյանի խոսքով՝ մի նորույթ էլ կա փոփոխության մեջ. «Եթե դու խախտել ես ՌԴ միգրացիոն օրենսդրությունը, ապա կարող են երեք տարով արգելափակել քո մուտքը երկիր: Այսօր կա ավտոմատացված համակարգ, որն հնարավորություն է ընձեռում խախտում կատարած անձին տարբերակել, ինչը սահմանափակում է կոռուպցիոն ռիսկը՝ սահմանը հատելիս»:

 

Շարունակելով մանրամասնել օրենսդրական փոփոխությունները՝ Ռուբեն Եգանյանն ասաց, թե բոլոր նրանք, ովքեր ինչ-որ խախտումներ ունեն, սահմանի վրա ի հայտ է գալիս և նրանց նկատմամբ կիրառվում է մուտքի արգելափակում:

 

«Հայաստանի քաղաքացիները, որոնց այս երևույթը վերաբերում է, 220 հազարի են հասնում, նրանք աշխատանքային միգրանտներ են, որոնց գոյության միջոցները ստեղծվում էին արտաքին միգրացիայի հաշվին: Նրանց մի մասն արդեն Հայաստանում է և մեկնել չի կարող»,- տեղեկացրեց ժողովրդագրագետը՝ հավելելով, թե այս հարցում ինչ-որ լուծումներ միգուցե լինեն՝ Մաքսային միությանն անդամագրվելուց հետո: