ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանն այսօր հանդես էր եկել բաց նամակով, որով առաջարկում էր նախագահի մյուս թեկնածուներին միասնաբար դուրս գալ ՀՀԿ-ի կողմից նախագծված ու կանխորոշված ընտրապայքարից և միահամուռ նախաձեռնել երկրում համընդհանուր քաղաքացիական շարժում՝ հանուն արմատական փոփոխությունների։
Այս մասին Lurer.com-ը զրուցեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ, ով իր խոսքում նշեց, որ Անդրիաս Ղուկասյանի հայտարարությունը չի կարող ինչ-որ խնդիր լուծել.
«Այդ դեպքում իշխանությունը շատ հանգիստ, առանց մրցակիցների ընտրություն կանցկացնի: Եթե դա արտաքին ուժերի համար է արվում, ուրեմն արդյունք չի տա այն առումով, որ միշտ էլ արտաքին ուժերը կոչ են անում փոփոխությունների հասնելու համար պայքարել: Ինչ վերաբերում է ներքին շրջանակներին, մեր հասարակությունը շատ լավ գիտի, թե ինչպիսի ընտրություններ են տեղի ունենում: Ես չեմ կարծում, որ ընտրապայքարից դուրս գալն ինչ-որ խնդիր լուծելու է: Ես անձնապես ճանաչում եմ Անդրիաս Ղուկասյանին, հարգանք ունեմ նրա անձի նկատմամբ, բայց դա նրա կարծիքն է»:
«Ես կասկածում եմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը կհրաժարվի ընտրապայքարից, հակառակը, միայն ակտիվ ընտրապայքարով է հնարավոր փոփոխությունների հասնել թե՛ նախագահական ընտրությունների ժամանակ, թե՛ դրանցից հետո»,-ասաց Արմեն Մարտիրոսյանը: